Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության կողմից կիրառված ցանկացած ուժ պետք է լինի իրավաչափ

Ապրիլ 10,2013 15:05

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ նախօրեին ոստիկանության կողմից կիրառված բռնության հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել, արձանագրվել է քթի սալջարդ: Նա պետք է անցնի նաև գլխի բժշկական հետազոտություն:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, ինքն արդեն իսկ ԱԺ ամբիոնից դատապարտող հայտարարություն է արել, և, բնականաբար, հետևողական կլինեն կատարվածին իրավական գնահատական տալու հարցում: «Ոստիկանության կողմից կիրառված ցանկացած ուժ պետք է լինի իրավաչափ»,- ընդգծեց Զ.Փոստանջյանը:

Ի դեպ՝ Ազգային ժողովի ապրիլի 10-ի նիստում, «2011 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկման ժամանակ, իր ելույթում Զ.Փոստանջյանը, մասնավորապես, հայտարարել է. «Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից երթի մասնակիցների նկատմամբ կիրառվեցին բռնի գործողություններ: Մենք դա դատապարտում ենք, ուղղակի կարող եմ ասել, որ շնորհավորում ենք մեզ, որ չունենք մահացու դեպքեր»:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց նաև, որ իրենք թույլ չտվեցին, որ որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառվի: Նա համոզմունք հայտնեց, որ նախօրեի գործողությունները նաև մարտի 1-ի դեպքերին իրավական գնահատական չտալու հետևանքն են: Ըստ նրա՝ 2008թ.-ի ընտրությունների հետևանքները դեռևս հաղթահարված չեն, և դա է նաև պատճառը, որ չի հաջողվում «Հայաստանում օրինական իշխանություն ձևավորել»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ևս անդրադառնալով նախօրեի իրադարձություններին, նշեց, որ, իր սուբյեկտիվ կարծիքով, երեկ «առանձին դրվագներում ակնհայտ էին նաև ոստիկանության ոչ համաչափ գործողությունները, չնայած ոստիկանության գործողություններն այսպիսի իրավիճակներում էականորեն առաջընթաց արձանագրել են»: «Բայց երեկ, մասնավորապես, նույն Արմեն Մարտիրոսյանին վնասվածք հասցնելու հետ կապված, իմ սուբյեկտիվ գնահատականն է, միգուցե ես սխալվում եմ, բայց դրվագ կար, որ ակնհայտ անհամաչափ էր»,-ընդգծեց դաշնակցական պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930