Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը մարդասպաններ ասելով ո՞ւմ նկատի ուներ

Ապրիլ 10,2013 14:58
jhangiryan

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Մատաղիսի գործով արդարացվածներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի հայցի հիման վրա հրավիրված հերթական նախնական դատական նիստը: Նրանք պահանջում են նախկին զինդատախազ, ՀԱԿ-ի կողմից ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում եւ հրապարակային ներողություն: Անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Aravot.am-ում հրապարակված հարցազրույցում Գ. Ջհանգիրյանը արտահայտվել էր. «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

Այսօր նախնական դատական նիստի ժամանակ Գ. Ջհանգիրյանի ներկայացուցիչ փաստաբան Վահե Հովսեփյանը հայտարարեց, որ Ջհանգիրյանի արտահայտությունները ուղղված են եղել ոչ թե կոնկրետ հայցվորներին, այլ անորոշ շրջանակի: Հայցվոր Արայիկ Զալյանը չընդունեց պատասխանողի ներկայացուցչի ասածը, հայտնելով, որ Մատաղիսի գործ ասելով նկատի է ունեցել Ջհանգիրյանը իրենց, քանի որ զինդատախազի պաշտոնավարման օրոք են իրենք՝ երեքը դատապարտվել եւ 2 տարի 8 ամիս եղել կալանքի տակ:

Արայիկ Զալյանը նաեւ նկատեց, որ դատարան ուղարկված առարկումների մեջ պատասխանողը նաեւ շեշտել էր, որ ինքն ունի կարծիք արտահայտելու իրավունք: «Մի դեպքում նա ընդունում է, թե կարծիք է արտահայտել, մյուս դեպքում՝ թե իր կարծիքը մեզ չի վերաբերում»,- ասաց Ա. Զալյանը, նաեւ հրապարակելով Ջհանգիրյանի մեկ այլ արտահայտությունը. «Ոչ թե ես վատ պիտի զգամ, այլ այն մարդիկ, որ մարդասպանները ազատության մեջ են»:

Ի դեպ, հայցվորի վրա դրվեց ապացուցման բեռը. Ջհանգիրյանը պետք է ապացուցի, թե ում են ուղղված եղել իր արտահայտությունները:

Հիշեցնենք, որ վիրավորանքի համար հայցվորները պահանջում են 100.000 դրամ, զրպարտության, իրենց անմեղության կանխավարկածը խախտելու համար՝ 200.000 ՀՀ դրամ:

Նախնական դատական նիստը ավարտվեց եւ հայտարարվեց դատաքննության մասին: Դատաքննությունը տեղի կունենա մայիսի 23-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930