Այսօր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը եւ համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը լրագրողներին ներկայացրին ապրիլի 22-24-ը կայանալիք «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասին մանրամասներ:
Ըստ Վահե Ջիլանյանի` համաժողովի մասնակցության համար արդեն հայտեր են ներկայացրել քսան երկրներ: Երեւանում կայանալիք այս ծրագրին մասնակցելու են հիմնականում արտերկրից ժամանած եւ սփյուռքի ուսանողներ, կմասնակցեն նաեւ հայաստանցի երիտասարդական խմբակցությունների անդամակցող, իրենց ուսումնական հաստատություններում ակտիվություն ցուցաբերող երիտասարդներ: Ծրագրի շրջանակներում քննարկվելու են համազգային կարեւորության խնդիրներ, բարձրացվելու են լեզվամշակութային, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցեր: Ծրագիրը հնարավորություն է տալու մասնակիցներին ոչ միայն մի քանի օրվա ընթացքում ծանոթանալու այս հիմնահարցերին, այլեւ դրանց վերաբերյալ ծրագրեր կազմելու: Իսկ ապրիլի 24-ին, բացի Ծիծեռնակաբերդ գնալը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ կազմակերպել ծառատունկ, որի նպատակը, ինչպես նշեց պարոն Մխիթարյանը, աշխարհին հայ երիտասարդների կամքի, պայքարի ուժը ցույց տալն է:
Ըստ պարոն Մխիթարյանի` ծրագիրը կարեւորվում է հատկապես երիտասարդության մասնակցության շնորհիվ` շեշտը դնելով ներկայացված հարցերի լուծման գործում նրանց ունեցած դերակատարության վրա: «Հայերեն խոսելով, հայ արժեքները պահպանելով մենք կարող ենք հաղթահարել երիտասարդության առաջ ծառացած 21-րդ դարի մարտահրավերները»,- նշում է պարոն Մխիթարյանը:
Սփյուռքի նախարարության աջակցությամբ արդեն մի քանի տարի է` իրականացվում են նաեւ այլ երիտասարդական ծրագրեր, ինչպես, օրինակ` «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը: «Սրանց միջոցով Հայաստան ժամանած երիտասարդները, հետագայում վերադառնալով իրենց բնակավայրերը, դառնում են մեր երկրի յուրատեսակ դեսպանները` տարածելով հայոց լեզուն, հայկական սովորույթները»,- նշում է սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ