Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կային մարդիկ, ովքեր չէին տեսնում պայքարի այլ ճանապարհ, քան ջարդել-փշրելը». Ստյոպա Սաֆարյան

Ապրիլ 10,2013 14:46

«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով երեկ

Բաղրամյան 26-ում տեղի ունեցած դեպքերին, պարզաբանեց, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյա՞նը ժողովրդին առաջնորդեց, թե՞ ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Նման կարծիքներ տարածողները, թե ժողովուրդը առաջնորդեց Րաֆֆի Հովհաննիսյանին, չգիտեն, թե ինչ տեղի ունեցավ իրականում: Նախատեսված էին հստակ միջոցառումներ. 12.00-13.30՝ ինագուրացիա, 18-ին՝ հանրահավաք, հետո երթ, բայց նախատեսված միջոցառումներում փոփոխություններ տեղի ունեցան… Որոշվեց շրջել բլոկադայի ենթարկված փողոցներով, ամբողջ կենտրոնը ապահով էր՝ ՀՀ նախագահի կարգախոսի համաձայն, կոնցլագերի էր նմանվել: Անցորդներն անգամ զրկված էին փողոցն անցնելու հնարավորությունից… Գրողների միության տան մոտ ոստիկանական պատ էր ստեղծվել: Նման իրավիճակում հնարավոր չէր չփոխվելը», -այսօր 40 րոպե ուշացումով, «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ «ապրիլի 9-ը հեղաշրջման օր, Բաղրամյան 26-ը գրավելու օր չէր հռչակվել, «հեղափոխության ժամ» ոչ ոք չի նշանակել»:

Պարոն Սաֆարյանը վստահեցրեց, որ երեկ ժողովրդի մեջ տարբեր մատնիչների է նկատել, որոնք անընդհատ պնդում էին, որ ժողովուրդը հիասթափված է եւ ասում էին, որ առանց արյան ոչինչ չի լինի: Թե ում կողմից էին ուղղորդված նրա նկատած մատնիչները, պարոն Սաֆարյանը դժվարացավ ասել: Միայն հավելեց, որ որոշ մատնիչներ անգամ հարբած էին: «Ուրախ եմ, որ բացի այդ ծեծկռտուքից իրադարձությունների զարգացումներն առաջ չանցան: Այդ բայղուշինֆոյի շրջանակներում տարածած տեղեկությունները, թե ժողովուրդը հիասթափված է, կարող եմ ասել, որ այդ մարդիկ անգամ շարժման տրամաբանությունը չգիտեն»:

Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի եւ մի շարք այլ գործիչների՝ շարժման լիդերությունն իրենց ձեռքը վերցնելու խոսակցություններին, պարոն Սաֆարյանն ասաց. «Եթե Անդրիասը հաջողակ քաղաքական գործիչ լիներ, Րաֆֆի Հովհաննիսյանին գնացած 600 հազար ձայները կգնային նրան»: Հարցին՝ արդյոք, ի վերջո, ժողովրդի մեջ չկայի՞ն հիասթափվածներ, պարոն Սաֆարյանը հավելեց. «Այո, կային մարդիկ, ովքեր չէին տեսնում պայքարի այլ ճանապարհ, քան ջարդել-փշրելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930