Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Ոչ մի ողբերգություն չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի արդարացրել սպասումները»

Ապրիլ 10,2013 14:27

«Ես երբ որ հասկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա քաղաքական թիմը Բաղրամյան պողոտայից հեռացել են, բնականաբար, գտնվում էի այդ ժամանակ առաջին գծում՝ ոստիկանության եւ քաղաքացիների բախման, ընդունեցի որոշում, որ իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը այդ ինքնաբուխ բախման, առաջարկեցի նստացույց, մինչեւ ոստիկանությունը չբացի ճամփան մինչեւ Բաղրամյան 26»,- Այսօր «Մեդիակենտրոնում» այսպես պատմեց իրադարձությունները Անդրիաս Ղուկասյանը:

Նա ոստիկանության կողմից մարդկանց ցրելու որոշումը գնահատեց անօրինական, ոչ ողջամիտ եւ ոչ ադեկվատ. «Ինձ տանելը Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանության բաժին, նույնպես գտնում եմ սխալ, որովհետեւ ես կարողանում էի որոշ չափով կառավարել ինքնաբուխ այդ շարժումը»

Հարցին՝ ոստիկանները միշտ են ասում, որ իրենց գործողությունները իրավաչափ են, որտե՞ղ է գնահատման սահմանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ես մի քանի տեղ ֆիքսեցի, որտեղ կարող է, իմ պատկերացմամբ, համաչափությունը խախտվել: Մոմավառության ժամանակ մի քանի մոմեր են շպրտվել դեպի ոստիկանության կողմը, ոստիկանության  կողմից շատ սուր սեռական հայհոյանքներ են եղել, այստեղ համաչափությունը խախտվել է: Փաստաբանների հետ էլ խոսեցի, պարզվեց, որ միայն մեկի են բերման ենթարկել, մնացածին հրավիրել են ոստիկանություն: Իրականում բոլորին էլ շատ կոպիտ բերման են ենթարկել»: Նրա գնահատմամբ, երբ խաղաղ երթ է լինում, ոստիկանները իրավունք չունեին միջամտել, արգելել խաղաղ երթը:

Կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը, անդրադառնալով Սիրահարների այգու հատվածում երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների բախմանը, ասաց. «Եղավ 2004-ի ապրիլի 12-ի կալցո օպերացիայի մինի տեսակը: Դա երիտասարդների քաղաքացիական կնունքն էր: Անարխիստական բան էլ կար էդ ամեն  ինչի մեջ»:

Հարցին՝ համաձա՞յն եք գնահատականների հետ, որ ընդդիմությունը մնաց առանց առաջնորդ եւ Դուք ստանձնեցիք առաջնորդի դերը ՝ Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ եղել է ուղղակի իրավիճակ. «Բաղրամյան պողոտայում կային 3000 մարդ, որոնք նպատակ ունեին շարժվել դեպի Բաղրամյան 26 եւ իրենց բողոքը հայտնել իշխանություններին: Իմ փոխարեն դա կարող էր անել յուրաքանչյուր քաղաքացի, լրագրող: Ես փորձեցի պատասխանատվությունը իմ վրա վերցնել: Իմ կարծիքով, իմ հնարավորությունների շրջանակներում ինչ կարող էի անել՝ ես արեցի»:

Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի պլան, բայց ունի սիրտ՝ Արսեն Խառատյանն ասաց. «Թե ինչ ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինքը գիտի ամենալավը: Որ սիրտ ունի՝ դա հաստատ է: Բայց նաեւ մարտավարության չգոյություն՝ որոշ իրավիճակներում, կար իրավիճակ, երբ ասում էր՝ ես չեմ կարող որեւէ բան անել, դուք պետք է անեք: Դա բերել էր մի բարդ իրավիճակի»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի, ոչ մի ողբերգություն չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի արդարացրել մեծամասնության սպասումները. «Ես շնորհակալ եմ նրան, որ նա այս 50 օրերին արեց այն ամենը, ինչ կարող էր»:

Ավետիք Իշխանյանը եւ Անդրիաս Ղուկասյանը ընդգծեցին Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման եւ հանրահավաքների կազմակերպման թերություններից մեկը՝ կարգադրիչների բացակայությունը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930