Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայում ապրող ազատամարտիկի եւ «հաց քցողների» մասին

Ապրիլ 10,2013 13:36

Ճակատագրի կամքով Բելգիայում ապրում է Վարուժան Բադալյան անունով մի մարդ, որ բազմահազար հայության մեջ իր համեստ ներկայությամբ վկայում է Հայաստանի եւ հայության անհերոս ժամանակը: Վարուժին հիշում են որպես արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկը՝ միայն նրանք, ում համար Հայաստանն ու Արցախը աշխարհագրական տարածք չեն, այլ քաջերի արյամբ սրբագործված Հայրենիք, ազգային կորսված եւ հաղթանակով վերագտնված երազանքների երկիր:

Հայրենի Իջեւանում Վարուժը եւ Ժոկոն՝ Վարդգես Շահինյանը, առաջիններից էին, որ զինվորագրվեցին ազատամարտին, որ իրենց օրինակով ոտքի հանեցին ուրիշներին: Երբ պայթեց Իջեւան-Ղազախ սահմանին հայ-ադրբեջանական «դարավոր եղբայրությունը» խորհրդանշող հուշարձանը, զոհվեց հայ հոգեւորական, իսկ Վարուժը ստույգ մահվանից խույս տվեց առողջության անդառնալի կորստի գնով: Սակայն մեկնեց ճակատ, մասնակցեց մարտական գործողությունների Հայաստանի սահմաններում եւ Արցախում, ընդհուպ մինչեւ հրադադարի օրը: Այնուհետեւ էլ զենքը վայր չդրեց եւ ծառայության անցավ նորաստեղծ ազգային բանակում: Առողջության կեսը կորցրած, հոգում՝ ավերակներ եւ հիշատակներ, Վարուժանն ընտանիքով հայտնվեց Բելգիայում: Հայաստանում «գյադաների» հաստատած նոր իրողությունների դեմ ճակատ տալու ապարդյուն ջանքից, սեփական անզորության գիտակցությունից, հիասթափություններից ու ցավից հեռու… Սակայն հեռավորությունը ոչինչ է, հեռավորությունն անկարող է ստիպել՝ ավելի հանգիստ նայել հայրենիքում կատարվողին, եւ Վարուժն այսօր Իջեւանում ապրող, Իջեւանում մոռացված իր մարտական ընկեր Ժոկոյի նման զգում է հողի դողը:

Եվրոպական անդորր երկնքի տակ էլ Վարուժը խաղաղություն չի գտել եւ հազիվ էլ գտնի: Որովհետեւ իր լեզվով խոսողներին հետաքրքիր չէ նրա անցյալը, նրա տեսակը անհասկանալի է փորի ու հացի համար ապրողների հոծ շարքերին: Վարուժը, որ շարունակում է ապրել հայրենիքի կյանքով, որ հոգով եւ սրտով Հայաստանում է մնացել, որ չամոքված վիշտ ունի, այնքան անհասկանալի տեսակ է հայախոս անհայրենիք մարդկանց համար, որ հանդգնում են անգամ ծաղրել մարդու ցավը: Սրբություն չունեցող այդ մարդկանց աչքում Վարուժը միամիտ, անճարպիկ մեկն է, ով չի կարողացել իր մարտական ուղին կարգին գնով ծախել ու կարգին բանի հասնել Հայաստանում, հարստանալ, դառնալ ըստ այդմ «հարգված մարդ»: Երբ խոսում են նրա մասին, նրանք չգիտեն, որ խորովածի սեղանի շուրջ խմվող հայրենասիրական պարտադիր կենացների շարքում իրականում իրենք հիշատակում են հենց Վարուժանի նման ապրող կամ զոհված հերոսներին: Նրանք չգիտեն, որ իրենց կողքին հայտնված խոնարհ այդ մարդը այդ հերոսների շարքից է: Եվ Վարուժին հյուր գնալիս անգամ իրենց թույլ են տալիս ասել, թե գնում ենք՝ Վարուժին «հաց քցենք»: Ստամոքսով մտածողների աչքում Վարուժանը համարյա խենթ ու տարօրինակ մեկն է, որովհետեւ անգամ իրենց նմաններից հայության կարոտն է առնում:

Բելգիայում ապրող Վարուժան Բադալյանի մասին մի քանի ջերմ ու անկեղծ տող էի ուզում գրել, սակայն գրվեց ավելի շատ նրանց մասին, ում մեղքով Վարուժանը հանուն հայրենիքի ստացած իր մարմնի ու հոգու ցավը հիմա փորձում է ամոքել այս սառն ու օտար երկնքի տակ:

«Հաց քցողներ»՝ Հայաստանում եւ ամենուր, եթե իմանաք՝ ինչ ծանր եք վճարելու Վարուժանին ու նրա նման խոնարհ հերոսներին չգնահատելու, չսիրելու, չփայփայելու դիմաց: Հայաստանին մոտեցող քամիները քշելու են, տանեն բոլորի անցավորների շիրիմները, եւ վերջին հանգստի համար մի բուռ հող չեն գտնելու նրանք, ովքեր բաց թողեցին մեր դարպասները այս չավարտվող, չավարտվող ուրացումների եւ ավերումների առաջ:

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էմիլյան Հովսեփ says:

    Հայաստանից հեռանալու պատճառը չհասկացա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930