Պատշաճ հարցումներ դեռ չի կատարել
Մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի զեկույցի խորհրդարանական քննարկման ժամանակ երեկվա իրադարձություններին այսօր իր ելույթում անդրադարձավ նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա, որոշ դրվագներում ակնհայտ էր ոստիկանության ոչ համաչափ արձագանքը, մասնավորաբար, Արմեն Մարտիրոսյանի հետ կատարվածի ժամանակ: Արծվիկ Մինասյանը հորդորեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր եզրափակիչ ելույթում առանձին անդրադառնա երեկվա իրադարձություններին:
ՀԱԿ-ական պատգամավոր Արամ Մանուկյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իրենց ելույթներում նկատեցին, որ ՄԻՊ-ի զեկույցում որեւէ անդրադարձ չկա այնպիսի դեպքերին, որոնց անդրադարձել են բազմաթիվ իրավապաշտպան միջազգային կառույցներ: Արամ Մանուկյանն օրինակ բերեց Տիգրան Առաքելյանին, ով, ի դեպ, ճանաչվել է տարվա քաղբանտարկյալ: Արամ Մանուկյանը նաեւ նկատեց, որ այս խնդիրը քաղաքական է եւ, որ այս դահլիճում ՄԻՊ-ից առավելը պահանջել չի կարելի ու անդրադարձավ ՄԻՊ-ի ինստիտուտի գործունեության համար ՀՀ-ում առկա խնդիրներին, որոնց լուծումն այս «շենքում չէ»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին խոսքի իրավունք ստացավ եւ դարձյալ սկսեց խոսել երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին` իրեն քննադատող գործընկերներին ներկայացնելով այդ իրադարձությունների եւ ՄԻՊ-ի 2011 թվականի զեկույցի միջեւ կապը: Նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովի հորդորներին` արտահայտվել ըստ էության, Փոստանջյանը պատասխանեց. «Եթե չեք կիսում իմ կարծիքը, լուռ լսեք»: Շարմազանովը հիշեցրեց, որ նախագահողն ինքն է եւ պարտավոր է կանոնակարգ պահպանել ու Փոստանջյանը չի կարող որեւէ մեկին պարտադրել իր ցանկությունները: Փոստանջյանը շարունակեց նույն տոնով ու տոնայնությամբ՝ փաստելով, որ 2011 թվականի իր զեկույցում չանդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ շուրջ 700 հազար քաղաքացիներ զրկված են ընտրական իրավունքից, ինչն էլ հանգեցրեց հետագա ընտրությունների կեղծումը եւ այլն: Ինչին հետեւեց Շարմազանովի վերջին հորդորը`խոսել ըստ էության: Զարուհի Փոստանջյանը, միեւնույն է, շարունակեց իրենը:
Իր եզրափակիչ ելույթում Մարդու իրավունքների պաշտպանը չընդունեց այն դիտարկումները, որ իր զեկույցներում անդրադարձ չկա 2008-ի մարտի մեկի իրադարձություններին, քանի որ դրանց առանձին անդրադարձ է եղել: Տիգրան Առաքելյանի մասով է ասաց, որ չի անդրադարձել, քանի որ գործը դատական վարույթում է եւ օրենքն իրեն իրավունք չի վերապահում այդպիսի գործերին անդրադառնալ: ՄԻՊ-ն ասաց, որ երեկվա իրադարձություններին էլ չի անդրադառնալու, Արմեն Մարտիրոսյանի դեպքի մասին էլ չի խոսելու, քանի դեռ պատշաճ հարցումներ չի կատարել ոստիկանությունից. «Ես պատրաստ չեմ օրենք խախտել`հանուն նույնիսկ այդ րոպեի արդարության: Օրենքն ինձ համար առաջին տեղում է, ես ապօրինությամբ իրավունք եւ օրենք չեմ կարող պաշտպանել եւ չարժե դրա համար վարկաբեկել ինստիտուտը եւ անձերին»,- դիմելով իրեն ու իր զեկույցը քննադատող պատգամավորներին, ասաց Կարեն Անդրեասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ