Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սիմֆոնիկ մտածողությունն ամփոփում է բնության բոլո՛ր հիմնական տարերքները»

Ապրիլ 10,2013 13:28

Ասում է կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը

Զրուցակիցս կոմպոզիտոր, դաշնակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Հայկական երաժշտական համաժողովի փոխնախագահ Վահրամ Բաբայանն է, որը պատկառելի ներդրում ունի արդի հայ կոմպոզիտորական դաշտում եւ առանձնանում է իր ստեղծագործական բազմաժանր, խիստ արգասավոր գործունեությամբ. հեղինակ է 9 սիմֆոնիայի, 6 օպերայի, 4 բալետի, 2 օրատորիայի, 4 երգչախմբային սիմֆոնիայի, բազմաթիվ կոնցերտների, կամերային անսամբլների, վոկալ շարքերի եւ այլն: Նրա ստեղծագործությունները հնչել, ձայնագրվել եւ հրատարակվել են աշխարհի բազմաթիվ երկրներում: Վ. Բաբայանի կոմպոզիտորական արվեստն աչքի է ընկնում երաժշտամտածողության լայն ընդգրկումով, ուրույն ձեռագրով, երաժշտական նյութն անշեղ նպատակասլացությամբ զարգացնելու կարողությամբ, ձեւի կառուցիկությամբ, նվագախմբի հնարավորությունները լայնորեն բացահայտելու ունակությամբ, խորունկ խոհափիլիսոփայությամբ: Ապրիլի 12-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կկայանա կոմպոզիտորի 8-րդ սիմֆոնիայի (1998թ.) պրեմիերան՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Էդվարդ Թոփչյան:

– Ո՞րն է Ձեր նախընտրած ժանրը:

– Աշխատում եմ բոլոր ժանրերում, բոլորն ինձ հոգեհարազատ են, ոչ մի ժանր չեմ ստորադասում, սակայն սիմֆոնիզմն ու սիմֆոնիան ինձ առավել հարազատ են. սիմֆոնիկ հարուստ մտածողությունն ամփոփում է բնության բոլո՛ր հիմնական տարերքները, բոլո՛ր իրավիճակները՝ ամենանուրբ ծաղկից մինչեւ հսկա կաղնի: Սիմֆոնիան իրավիճակների բախում է, դրա լուծումները գտնելու կարողություն… Հիմնականում սիմֆոնիստ եմ, բայց մեծ թվով ստեղծագործություններ եմ գրել նաեւ կամերային ժանրում:

– Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ստեղծագործական կերպարը:

– Իմ ստեղծագործությունը շարժում է: Իսկ կերպարիս մասին կասեի՝ ըմբոստ, ընդվզող, հաղթահարող, պայքարող էակ…

– Ի՞նչ կասեք ստեղծագործության հերոսի մասին:

– Առաջինը միտքս է գալիս շեքսպիրյան Համլետը. գրական կերպար, որը շատ տարողունակ է: 1990թ. գրել եմ «Համլետ» օպերան՝ ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության: Նմանություններ եմ տեսնում Համլետի եւ իմ միջեւ: Դոն Կիխոտ չե՛մ, բայց մի կետում նման եմ նրան. այնքա՜ն մարդկային է, երբ որեւէ հնարավորություն չունենալով՝ ուզում ես ինչ-որ բան փոխել շուրջդ: Թող վերամբարձ չհնչի՝ կյանքում ինձ հերոս եմ պատկերացնում:

– Ո՞րն է Ձեր ստեղծագործության ակունքը:

– Ունեմ շատ հետաքրքրություններ՝ հատկապես բնության երեւույթները, որոնք իմ մեջ են, սակայն չե՛մ կարող դրանք ստեղծագործական ակունք կամ ոգեշնչման աղբյուր համարել: Ըստ իս՝ ոգեշնչման աղբյուր չկա, ամեն ինչ ինքն իրե՛ն է ծնում: Հավատում եմ այն գիտնականներին, ըստ որոնց՝ տիեզերքն ինքն իրեն է ստեղծվել… Ես էլ, որպես ստեղծագործող, ծնում եմ ինքս ինձ: Յուրաքանչյուր երկ ստեղծելիս՝ ամեն անգամ նորովի եմ ինքս ինձ ծնում, բայց բոլոր պարագաներում՝ դա ես եմ՝ իմ կերպարը:

– Նշեցիք տիեզերքի մասին, ի՞նչ է ժամանակը, տիեզերքը ստեղծագործողի համար:

– Ինձ մահվան գաղափարը չէ՛, որ անհանգստացնում է. անհանգստացնողը՝ ժամանակի սղությո՛ւնն է՝ կհասցնե՞մ անել, թողնել շա՜տ գործեր … Ինձ չարա՛ծս է մտահոգում: Ապրելուս գլխավոր պայմանը հասցնելն է, ապրել, որ ստեղծագործեմ: Իհարկե, մահը միշտ էլ մարդուն տագնապեցնում է, կարծում եմ՝ անորոշությունն է տագնապ պատճառողը: Բայց չի բացառվում, որ կան ա՛յլ կյանքեր եւս. որոշ գիտական մոտեցումներ եւ հայտնագործություններ դրա մասին են փաստում:

Տիեզերական կարեւոր երեւույթ եմ համարում երաժշտությունը, որն Աստծո հետ հաղորդակցվելու ամենաունիվերսալ լեզուն է: Իմ կարծիքով՝ Տիեզերքի արարման պահից առաջինը ձայնն է հնչել, եւ ես ձա՛յնն եմ համարում արվեստի ակունքը: Այլ բան է, որ ձայնը դեռեւս ստեղծագործություն չէ՛. ձայնն այնքա՜ն երկար է կազմակերպվում մինչեւ երաժշտություն դառնալը, երաժշտությունն էլ իր հերթին՝ մինչեւ ստեղծագործություն դառնալը: Վեներա մոլորակը, օրինակ, ձայն է արձակում ռե-մի նոտաների հնչողությամբ, բայց այս հնչյունները երաժշտական ստեղծագործություն չեն կարող համարվել… Ստեղծագործում է մարդը. Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ: Հայտնի է՝ մարդը ստեղծագործելու ունակությամբ է տարբերվում այլ կենդանի էակներից: Ենթադրում եմ՝ այլ տիեզերական մարմիններում եւս երաժշտություն կա, գուցե այլ ձեւերով, այլ արտահայտչամիջոցներով: Զուգահեռ աշխարհներ կան, կան այլ քաղաքակրթություններ: Մարդու միտքն ազատ պետք է լինի, որ հասկանա իր շուրջը կատարվողը: Չէ՞ որ հենց մեր՝ Երկիր մոլորակում գոյություն ունի մեծ բազմազանություն, եւ մենք շատ հաճախ չենք հասկանում մեր շուրջը կատարվողը:

Մարդու էվոլյուցիայի հետ մեկտեղ, ընդլայնվում է տիեզերքի մասին պատկերացումը: Շատ հնում մարդիկ համարում էին, որ մեր մոլորակը տիեզերքի կենտրոնն է, մեր թվարկությունից առաջ Արիստոտելն ասաց՝ Երկիրը Տիեզերքի կենտրո՛նն է, Արեգա՛կն է պտտվում Երկրի շուրջը, դարեր պահանջվեցին, որ Կոպեռնիկոսն ասի՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը… Այսօր արդեն հայտնի է միլիարդավոր գալակտիկաների գոյությունը… Տիեզերքը միակը չէ, կան այլ տիեզերքներ… Սահմաններն ընդլայնվում են… Տիեզերքի մասին կուզենայի ծավալուն խոսել, սակայն սահմանափակվեմ այսքանով:

ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930