Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային «պատվաստումներով» թատրոնի վրա չես ազդի

Ապրիլ 10,2013 13:24

Թատերագետ Արա Խզմալյանի դիտարկումները

Բազմաթիվ անգամներ պաշտոնյաները, այդ թվում՝ մշակույթի նախարարը խոսել են այն մասին, որ մեզանում անցկացվող փառատոները հաճախ վերածվում են զուտ ցուցադրությունների, բացառելով  մշակութաբանների, երաժշտագետների եւ թատերագետների կարծիքներն ու գնահատականները: Թատերական երկու փառատոն կարող ենք առանձնացնել՝ «Թատրոն X» եւ երիտասարդ ռեժիսորների, որոնք քննարկումների ձեւաչափ ունեն, սակայն դրանք  քիչ են:

Այսօրվանից  մինչեւ մայիսի 2-ը 6-րդ անգամ կանցկացվի «Թատրոն X» հանրապետական փառատոնը:

«Առավոտը» հանդիպեց  թատերագետ, փառատոնի նախագահ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման (ԱԹՍՄ) նախագահ Արա Խզմալյանին: Հիշեցնելով փառատոնի կարգախոսը՝ «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն», մեր զրուցակիցն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարվա, որին  մասնակցել է 30-ից ավելի պետական եւ մասնավոր թատերախումբ, այս տարի ընդառաջելով լրագրողների առաջարկին, ընտրել են ընդամենը 17-ը, որպեսզի  հնարավորություն ընձեռել ԶԼՄ-ներին՝ անդրադառնալու հնարավորինս բոլոր միջոցառումներին: Ա. Խզմալյանը հիշեցրեց, որ «Թատրոն X»-ի աշխատանքներում ներգրավված են թատերագետներ, երաժշտագետներ, բանասերներ, դրամատուրգներ եւ իրենց հիմնական խնդիրը բանավոր շփումն է, կարծիքների փոխանակումը ստեղծագործողների միջեւ:

Դիտարկմանը՝ բանավեճերն ու հրապարակային քննարկումները նպատակ ունեն նաեւ բարձրացնելու այսօրվա թատերարվեստի խնդիրները: Իսկ ի՞նչ գլոբալ խնդիրներ կան դաշտում: Պարոն Խզմալյանը համառոտ պատասխանեց. «Պետք է վերանայել թատրոնի կառավարման մեխանիզմներն ու սկզբունքները, թատերական կրթության խնդիրը մնում է հրատապ, այսինքն՝ ինչ գիտելիքներ պետք է ունենան 21-րդ դարի դերասանն ու ռեժիսորը: Հրատապ է մնում նաեւ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ միասնական թատերային դաշտի ձեւավորումը»: Հարցին՝ փառատոնի գերխնդիրը չէ՞, արդյոք, հանդիսատեսին թատրոն բերելը, ԱԹՍՄ-ի նախագահը պատասխանեց ռուս մտածող Մաքսիմելիան Վոլոշինի խոսքերով. «Թատրոնը իրականանում է ոչ թե բեմում, այլ հանդիսականի հոգում: Այսինքն՝ հենց ընկալողի՝ հանդիսականի կուլտուրայով է պայմանավորված թատրոնի որակը»:

Հետաքրքրությանը՝ ո՞րն է տարբերությունը հանրապետական՝ կոնկրետ «Թատրոն X»-ի եւ թատերական միջազգային փառատոների, պարոն Խզմալյանն ասաց. «Ամենամեծ առավելությունը մեր փառատոնի՝ թատերական միջավայրը ներսից բարեկարգելու ձգտումն է. թատրոնը տեղային արվեստ է եւ միջազգային պատվաստումներով էապես նրա ընթացքի վրա հնարավոր չէ ազդել»:  Նա հավելեց նաեւ. «Ասվածը չի նշանակում, որ պակաս կարեւոր են միջազգային փառատոները, քանի որ դրանք լուծում են մշակութային հասանելիության խնդիրը»:

Անցած 5 փառատոների արդյունքում հատկապես ի՞նչ է բարեկարգվել, Արա Խզմալյանը պատասխանեց. «Վերացել է մասնագետների միջեւ անջրպետը, անտարբերությունը, հնարավորություն է տրվել մարզերի թատերական օջախներին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին՝ սոցիալ- տնտեսականից մինչեւ մասնագիտական: Ասպարեզ է ստեղծվել երիտասարդների կատարելագործման համար»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930