Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ իրավական ինստիտուտներ են պատրաստվում բարեփոխել վրաց իշխանությունները

Ապրիլ 10,2013 13:21

Հարցազրույց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ:

– Հարգելի պարոն դեսպան, Վրաստանում նոր իշխանության ձեւավորումից հետո շատ ժամանակ չանցած՝ սկսեցին խոսել դատական համակարգի բարեփոխումների մասին: Ինչո՞վ էր պայմանավորված այդ անհրաժեշտությունը:

– Այս առումով վրացական իրականությունը բավականին նման է մեր իրավիճակին: Նախորդ երկու տասնամյակում Վրաստանում մի քանի անգամ հայտարարվել է դատական բարեփոխումների մասին: Հիշում եք, մեզ մոտ էլ խոսում էին բարեփոխումների փուլերի մասին: Որպես կանոն, ընդդիմությունը քննադատում է դատարաններին՝ որպես գործադիրի կողմից ուղղորդվող իշխանության ճյուղ, իսկ նոր իշխանության եկած քաղաքական ուժը հայտարարում է անկախ դատարանի կայացման համար անհրաժեշտ բարեփոխումների սկիզբ:

Փաստորեն, այս անգամ եւս տեղի ունեցավ նույնը, եւ 2012 թվականի հոկտեմբերին իշխանության եկած քաղաքական միավորումն իր առաջնահերթություններից մեկը հայտարարեց դատական բարեփոխումները: Մեծ հաշվով այս դինամիկան բնական է, իսկ դատական համակարգի գործունեությունը հասարակությանը հուզող կարեւոր խնդիրներից է: Առավել եւս, դժվար կլինի գտնել այս ոլորտում քիչ թե շատ տեղեկացված մեկը, ով կհամարի, որ մեր երկրներն ունեն կայացած, արդյունավետ եւ լիարժեք անկախ դատարաններ: Սակայն իրավիճակի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ նոր իշխանության ներկայացուցիչներն ընդամենը մի քանի ամիս առաջ քննադատում էին դատական իշխանությանը գործադիր իշխանության, մասնավորապես, դատախազության նկատմամբ ածանցյալ դիրք ունենալու եւ նրանց պահանջները, որպես կանոն, բավարարելու մեջ, իսկ այժմ քննադատության եւ մտահոգության առարկան այն է, որ դատարանը ընտրովիություն է ցուցաբերում դատախազության պահանջների բավարարման ընթացքում:

– Պարոն Մանուկյան, իսկ ինչո՞ւմ է կայանում բարեփոխումների այս առաջարկի էությունը: Ի՞նչ իրավական ինստիտուտներ են պատրաստվում բարեփոխել վրաց իշխանությունները:

– Հիմնական խնդիրը Արդարադատության բարձրագույն խորհրդի ձեւավորման եւ գործունեության հարցն է: 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի արդարադատության նախարարությունը խորհրդարան ներկայացրեց օրինագիծ՝ «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Հիմնական շեշտադրումն այստեղ կատարվել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ձեւավորման կարգի վրա: Այս խորհուրդը դատական իշխանության ինքնակառավարման մարմին է, որն իրականացնում է դատական իշխանության կազմակերպման ապահովմանն ուղղված բազմաբնույթ գործառույթներ, օժտված է դատավորների նկատմամբ կարգապահական իշխանությամբ:

Օրինագծի համաձայն, Արդարադատության խորհրդի 15 անդամներից 6-ը պետք է ընտրվեն խորհրդարանի կողմից: Այս 6 անդամները պետք է լինեն ակադեմիական շրջանակների, իրավաբանական ոլորտի ոչ կառավարական կազմակերպությունների եւ Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներ (համաձայն գործող կարգի՝ 6 անդամներից 2-ին նշանակում է նախագահը, 4-ին՝ խորհրդարանը):

Արդարադատության խորհրդում 8 տեղ կզբաղեցնեն դատավորները, որոնք կընտրվեն գաղտնի քվեարկությամբ, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որը դատական ինքնակառավարման մարմին է եւ գումարվում է տարին առնվազն մեկ անգամ: Բոլոր դատավորներն ունենալու են թեկնածություն առաջադրելու իրավունք: Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ թեկնածու առաջադրելու բացառիկ իրավունք ունի Գերագույն դատարանի նախագահը: Առաջարկվող օրինագիծը Արդարադատության բարձրագույն խորհրդում ընդգրկվելու արգելք է նախատեսում դատարանների նախագահների եւ նրանց տեղակալների, պալատների եւ կոլեգիաների նախագահների համար:

– Բայց կարծես թե նման առաջարկները պետք է որ հեշտությամբ ընդունվեին, քանզի կարծես թե առաջին հայացքից դրանք հիմնարար չեն:

– Այս փոփոխությունները որոշակի առումով հայեցակարգային կարող են դիտվել այն մասով, որ գործընթացից հեռացվում է նախագահը (թերեւս խորհրդարանական կառավարման անցնելու տրամաբանության մեջ սա կարող է տեղավորվել), եւ այն, որ որոշակիորեն թուլանում են Գերագույն դատարանի նախագահի դիրքերը Արդարադատության խորհրդի կազմավորման գործընթացում: Այս վերջին մոտեցման արդյունավետությունը միանշանակ դժվար է գնահատել:

Սակայն իրականում ամենաքննարկելի եւ բանավեճ ծնող հարցն այլ է: Օրինագծի համաձայն՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի գործող անդամների լիազորությունները դադարեցվում են նրանց իրավահաջորդների ընտրությունից հետո անմիջապես: Սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո խորհրդի անհատական կազմը ենթարկվելու է էական փոփոխությունների:

– Փաստացի այստեղ խնդրահարույց է ավելի շատ անհատական կազմը: Հայտնի է, որ Արդարադատության խորհուրդը էական ազդեցություն ունի դատարանների եւ դատավորների վրա: Արդյո՞ք խնդիրն ավելի շատ քաղաքական չէ, քան իրավական:

– Միանշանակ, Արդարադատության խորհրդի ազդեցությունը չափազանց մեծ է դատական համակարգի նկատմամբ, քանի որ այն ունի լուրջ դերակատարում դատավորների նշանակման եւ լիազորությունների դադարեցման հարցերում, այդ մարմնին է պատկանում կարգապահական իշխանությունը դատավորների նկատմամբ եւ այլ բավականին ազդեցիկ լիազորություններ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանը, բնականաբար, ցանկացած օրենք կամ խորհրդարանական ցանկացած քննարկում ուղղակիորեն առնչվում է քաղաքականության հետ այս կամ այն ոլորտում:

– Իսկ ինչպիսի՞ն են շահագրգիռ կողմերի դիրքորոշումներն ու փաստարկներն այս հարցում:

– Դատական համակարգի ղեկավարությունը, մասնավորապես Գերագույն դատարանի նախագահը համարում է, որ նախագահների, նրանց տեղակալների, ինչպես նաեւ պալատների եւ կոլեգիաների նախագահների ընտրություններին մասնակցելու սահմանափակումը հանդիսանում է խտրականություն: Նրա համար նաեւ անընդունելի է խորհրդի գործող անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը՝ որպես ինստիտուցիոնալ անընդհատության խանգարում: Արդարադատության նախարարությունն, ընդհակառակը, պնդում է վաղաժամ դադարեցնել այժմյան խորհրդի անդամների լիազորությունները, համարելով, որ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների ընտրության գործող կանոնները ոչ ժողովրդավարական են եւ ոչ լեգիտիմ:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սպառնացել է վետո դնել կառավարության նախաձեռնած նախագծի վրա, քանզի համարում է, որ դրա ընդունման արդյունքում Արդարադատության խորհուրդը եւ դատական իշխանությունը կհայտնվեն գործադիր իշխանության վերահսկողության ներքո եւ գոյություն ունի դատական համակարգի անկախության կորստի վտանգ:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930