Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ դաստա կանաչի ծախենք, ընկեր Բալասանյան, որ քո ուզած փողը մուծենք»

Ապրիլ 10,2013 13:19

Գյումրեցի առեւտրականները հաշվարկել են՝ 330 կապոց կանաչի պետք է վաճառեն, որ կարողանան քաղաքապետարանի սահմանած տուրքերի տակից դուրս գալ

Երեկ Գյումրու կենտրոնական շուկայի, այսպես կոչված՝ «Լաչինի միջանցքում» բացօթյա առեւտրով զբաղվող մարդիկ մտել էին Գյումրու քաղաքապետարան՝ տեղի իշխանություններից պարզաբանում պահանջելու, թե ինչո՞ւ են իրենց տուգանքի ենթարկում ու պահանջում 1 քառակուսի մետրի համար 500 դրամ մուծել:

«Ոստիկանները մեզ 1100 դրամ տուգանքի էին ենթարկել, թե՝ անօրինական եք կանգնել, փողոցային առեւտուր չի թույլատրվում: Ում որ վարչական տուգանքի են ենթարկել, նրանց ազգանունները գնացել է քաղաքապետարան, քաղաքապետարանից թուղթ եկավ, որ որպես շտրաֆ նախ 20 հազար դրամ պետք է մուծեք, այնուհետ եւ 20 հազար դրամ էլ պետք է մուծեք ամեն ամիս կամ 500 դրամ մի քառակուսի մետրի համար: Իրենք մի անգամ էլ են Բալասանյանի նշանակումից անմիջապես հետո թղթերով, չեկերով եկել, յազվա էին եղել, թե մեկ քմ-ի համար 500 դրամ պտի տաք: Մենք էլ ասինք, որ չենք տա, իրենք էլ պատասխանեցին՝ չեք գա, չենք կանգնի ստեղ, կտանք ոստիկանություն, ձեզ կհանենք: Դիմացն ընտրություններն ընկան ու չեկան, հիմա նորից եկել են, թե՝ փող պտի մուծեք: Բայց հարցնելն ամոթ չլինի՝ այ, ընկեր Բալասանյան, էդ ի՞նչ ենք աշխատում, որ օրական 2-3 հազար դրամ քեզ մուծենք: Սա Գյումրին է, մի մոռացեք, կանաչին անգամ նիսյայով են տանում, եկեք ցուցակները ցույց տանք: Ոստիկանների գրած վարչական տուգանքների հիման վրա հերթով մեզ անուն-ազգանունով կանչում են քաղաքապետարան, ընդ որում՝ տարբեր օրերի. մի օր մեկին են կանչում, մյուս օրը՝ մյուսին, մի ժամ ուշ, տարբեր ժամերի, որպեսզի խաբեն ու համոզեն»,- մեզ հետ զրույցում ասաց շուկայում կանգնող երիտասարդ մի տղա՝ նշելով, որ 100-150 առեւտրական կա «Լաչինի միջանցքում»:

«Ամիսը 20 հազարի հե՞տ ես խաղ տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ քանի միլիոն փող պտի տանեն բազարում կանգնողներից: Էստեղ դարեր շարունակ առեւտուր է եղել, ու մարդիկ փող չեն մուծել, ու առավել եւս հիմա չենք մուծի, ու գիտեք ինչի՞. մեզ համար աշխատանքի տեղ էդ ե՞րբ են ստեղծել, որ մենք էլ չենք աշխատել ու անօրինական եկել-կանգնել ենք շուկայում: Բայց մենք իրենցից պարտք-պահանջ չունենք, ուղղակի հետաքրիքր է՝ եթե ես 500 դրամ տամ, էս անօրինական տեղը օրինական կդառնա՞, չեղա՞վ, որ կաշառքը իրանք կուտեն, մենք կուտանք: Օրինական շուկան ո՞րն է, թող գան բացատրեն, թե ո՞րն է դա: Մի տեղը որ անօրինական է, թեկուզ գեներալի տղա լինես՝ չպիտի կանգնես»,- շարունակեց մեր զրուցակիցը: Մեկ այլ երիտասարդ էլ հավելեց. «Թողնեն ապրենք, էլի, ոչ իրանցից հաց կուզենք, ոչ ջուր, հիմա մենք հավես ունե՞նք, որ ելնենք բունտ անենք: Բալասանյանը, նստած իրա տաք տեղը, ինչ ձեւի ուզում է, էն ձեւի հրամայում է: Մենք իրան փող չունենք տալու, 330 դաստա կանաչի պիտի ծախեմ, որ տեղի փող տամ, բայց դու կարո՞ղ ես օրական 300 դաստա կանաչի ծախել, քաղաք մարդ չի մնացել, գիշերները չքնեմ, ձեռքերս ցրտին կապույտ լեղակ դառնա, բերեմ տամ, որ Բալասանյանը ուտի՞, ինչի՞, թող Բալասանյանը տա, մենք ուտենք»:

Մեկ այլ առեւտրական էլ միջամտեց՝ ասելով, որ արդեն երկու տարի է՝ շուկայում առեւտուրը կատարվում է չլսված կանոններով, նիսյայով միրգ ու կանաչի են վաճառում, քանի որ գյումրեցիների թիվը կիսով պակասել է, մեկ կիլոգրամ խնձորն անգամ նիսյայով են առնում: «Գժվանք, էլի, մի օր հարկայինն է գալիս՝ շտրաֆների ցուցակը ձեռքներին, մի օր՝ քաղաքապետարանը, մի օր միլիցիայով են գալիս: Մեր ամբողջ հույսը ամառն է, ձմեռը առեւտուր չի լինում, մրգերը սառում են, փչանում: Մենք էլ ջահել տղեք ենք, ստիպված ենք բազար կանգնում, ոչ մի պաշտոնական մարդու էրեխա չի գա ձեռքերը սառեցնի, 40 աստիճան մառոզին դուրսը կանգնած սառում ենք, կրակ ենք վառում բազարի մեջը, որ մի քիչ տաքանանք, իսկ իրանք կաբինետներում նստած, փափուկ աթոռի մեջ օրենք են ընդունում, ինչի՞, իրանց էրեխեքը մեր էրեխեքից լա՞վն են»,- ասացին երիտասարդները: Նրանք նաեւ մեզ տեղեկացրին, որ ապրիլի 21-ին իրենց ժողովի են հրավիրել Գյումրու քաղաքապետարանում՝ այս հարցը քննարկելու:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նման ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ, երևի միայն Պոլպոտն դրսևորած լինի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930