Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ ծրագի՞ր ունեք, որ պետք է անպայման բախում ու հնչեղություն լինի»

Ապրիլ 10,2013 13:16

«Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է նոր մշակո՞ւյթ ներմուծել, բայց չեմ կարծում, որ դա մեզ տանելու է դեպի ավելի լավ Հայաստան, առավել եւս, որ մենք տեսանք ու հասկացանք, որ համագործակցության եզրերը շատ մոտ են»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով Ազատության հրապարակում տեղի ունեցած «երդմնակալության» արարողությունը եւ դրան հետեւած իրադարձությունները՝ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Այսօր էլ ՀՀԿ պատգամավորը գտնում է, որ համագործակցելու տարբերակ կա. «Բայց չի կարելի ամեն ինչ տանել դեպի այդ հարթություն, ներմուծել մի նոր մշակույթ, որը չգիտես՝ ուր է տանում, ինչ օտարածին մշակույթ է ներմուծվում մեր երկիր»: Հաշվի առնելով ստեղծված փխրուն իրավիճակը՝ մեր զրուցակիցը փորձում է իր գնահատականներում, խոսքում առավել կոռեկտ լինել. «Թեպետ, որպես հայ մարդ, ես այս ամենի վերաբերյալ իմ տեսակետն ու վերաբերմունքն ունեմ, որը, գնահատականների առումով, շատ ավելի կոպիտ, կտրուկ եւ ծայրահեղական է»: Հարցին՝ կարծում եք իրավիճակն առավել կսրվի՞, քանի որ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ են եղել, բերման ենթարկված անձինք կան, մեր զրուցակիցն ասաց. «Կարծում եմ, որ այն բարությունը,  երգ ու պարը, իմիջը, որը ձեւավորել է Րաֆֆի Հովհաննիսյանը, չեմ ուզում ասել փսեւդո հեղափոխության եւ բարեւի… բայց, այնուհանդերձ, տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գոնե այս պահին չկարողացավ տիրապետել իրավիճակին եւ կանխել այն չնչին ընդհարումը, որը նույնիսկ չարժե բախում անվանել: Ո՞վ շահեց դրանից: Որեւէ մեկը չշահեց»:

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցնում է վերջին օրերին ոստիկանության տարածած հայտարարությունները՝ օրենքներին հավատարիմ մնալու մասով, ու հեգնում. «Չգիտեմ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ պետության օրենքներով է շարժվում, որտեղ երկիշխանություն կա, օրենքը ոտնահարելու ավանդույթ, որտե՞ղ է այդպես, որ 37 տոկոս ձայն հավաքած թեկնածուն պետք է գա եւ «թագավորի» եւ այլն: Այդ փսեւդո բարեւի եւ հեղափոխության ուղու վրա ժողովրդին չտանենք ընդհարման, չխորացնենք բաժանարար գծերը»: Հիշեցնելով, որ միայն միասնության պարագայում կարելի է դրական արդյունքներ գրանցել երկրի եւ հասարակության համար, մեր զրուցակիցը հերթական զսպվածության կոչն է ուղղում Հովհաննիսյանին եւ նրա կողմնակիցներին, քանի որ վերջիններս «լավ յուրացրել են արեւելյան տեխնոլոգիաները՝ իրենց պատառոտեն, արյունոտ քթերով, արյունոտ հագուստով, լրատվամիջոցներին ահազանգեն, սոցցանցերով տարածեն եւ ինչ-որ տպավորություն ստեղծեն: Ես չեմ պատկերացնում որեւիցե մեկ ոստիկան, ով ձեռք կբարձրացնի Րաֆֆի Հովհաննիսյանի կամ որեւէ ցուցարարի վրա»:

Կգնա՞ իշխանությունը բիրտ ուժի կիրառման՝ հարցին էլ ասաց. «Որեւէ պետության մեջ պետական իշխանության եւ ոստիկանության կողմից գոյություն չունի այսպիսի զսպվածություն: Մենք հասկանում ենք, որ իրենք որոշակի տեխնոլոգիա են սովորեցրել, բայց եթե երկրի նախագահը երդման ժամանակ իր խոսքում ասում է՝ հասկանում եմ, որ կան խնդիրներ, նշում է դրանք ու ասում, որ մեսիջները տեղ են հասել… էլ ի՞նչ անենք, ի՞նչ եք ուզում, թե՞ հատուկ ծրագիր ունեք, որ պետք է անպայման բախում ու հնչեղություն լինի»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930