Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Իրանին լուծումներ կարող է առաջարկել Արեւմուտքի հետ նրա փոխհարաբերություններում

Ապրիլ 10,2013 13:09

Այս համատեքստում պետք է դիտարկել իրանցի պաշտոնյաների այցերը վերջին օրերին

Ի թիվս պաշտոնական այլ պատվիրակությունների՝ այս օրերին Երեւանում էր նաեւ Իրանի պատվիրակությունը: Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ իշխանությունների հետ: Սալեհիի մակարդակով Ս. Սարգսյանի երդմնակալությանը մասնակցությունը վկայում է այն մասին, թե ինչ կարեւորություն է տալիս Իրանը Հայաստանի հետ հարաբերություններին։

Ընդ որում, Սալեհիի այցը Հայաստան ըստ արժանվույն նախապատրաստվեց: Ապրիլի սկզբին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ, հանրային դիվանագիտության եւ մամուլի գլխավոր վարչության ղեկավար Ռամին Մեհմանպարաստը Երեւան ժամանեց, մինչ այդ Mehr գործակալությունը տարածեց նրա հայտարարությունը, թե Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Նա նշել էր, թե Իրանի հիմնական քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար օգնություն ցուցաբերելուն. «ԼՂ խնդիրն անհրաժեշտ է լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ճանապարհով»:

Արդեն Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը Մեհմանպարաստը վերահաստատեց իրանական կողմի դիրքորոշումը. «Իրանը Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է միջնորդի դեր ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում: Բայց քանի որ այդ խնդիրն այժմ կարգավորվում է այլ ձեւաչափով, հաջողություն են մաղթում»: Նա հավելել էր նաեւ, թե ներկա պահին տարածաշրջանի «անվտանգության պահպանման հենասյունը» Իրանն է. «Մենք ունենք բավարար ներուժ՝ պաշտպանելու մեր երկիրը: Մենք համարում ենք, որ մեր պաշտպանական ներուժը պետք է գործադրվի նաեւ տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու համար… Արտաքին քաղաքականություն իրականացնելիս ցանկանում ենք բոլոր հարեւանների հետ ունենալ լավ հարաբերություններ: Մենք համարում ենք, որ տարածաշրջանում կայունության ապահովումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից»: Խոսելով Իրան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Ռ. Մեհմանպարաստը շեշտել էր, թե ուշի-ուշով հետեւում են տարածաշրջանի զարգացումներին. «Համարում ենք, որ տարածաշրջանը ներկայումս անցնում է պատմական շատ լարված փուլ»:

 

Պետք է նկատել, իհարկե, որ Իրանը պարբերաբար ԼՂ կարգավորման գործընթացում իր հետաքրքրությունների մասին բարձրաձայնել է, եւ իրանական կողմի վերջին հայտարարությունները չի կարելի համարել արտառոց փաստ: Սակայն իրանական կողմից Հայաստանը կարեւորելու այս փուլը ունի իր բացատրությունը: Իրանը տարածաշրջանային փոփոխությունների հնարավորություններ է կանխատեսում: Նախեւառաջ խոսքը վերաբերում է Ադրբեջանում ներքին լարվածությանը, շիա հոգեւորականության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներին, որոնք կրթություն են ստացել Իրանում:

Մյուս կողմից՝ Հայաստանը Եվրոպայի հետ իր փոխհարաբերությունների խորացման հարցում կոնկրետ քայլեր է իրականացնում: Ի դեպ, Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների մակարդակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Մեհմանպարաստը Երեւանում նկատել էր. «Եթե երկրների հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հարգելու վրա, կարծում եմ՝ նման հարաբերությունները երբեք չեն կարող դիտարկվել որպես երրորդ երկրի դեմ եղած հարաբերություններ: Քանի դեռ մեր գործընկեր երկրի հետ հարաբերությունները բարեկամական են, եւ քանի դեռ մի շարք այլ երկրների հարաբերությունն ու վերաբերմունքը մեր նկատմամբ թշնամական չէ, մենք երբեւիցե մեր բարեկամական վերաբերմունքը տվյալ երկրի նկատմամբ թշնամական չենք դարձնի եւ կշարունակենք մեր հարաբերությունները»:

Իրանը թերեւս Արեւմուտքի հետ իր հարաբերություններում թեկուզ փոքր խնդիրների կարգավորման հնարավորություն է տեսնում Հայաստանի հետ իր փոխհարաբերություններում, եւ դա բնական է, որովհետեւ ոչ մի երկիր շահագրգռված չէ, որ Իրանը վերաներգրավվի միջազգային հանրությանը՝ տարբեր պատճառներով: Ռուսաստանը դա չի ցանկանում, որովհետեւ Իրանի էներգակիրները մրցակից է համարում: Ավելին, ՌԴ-ի կողմից գազի թանկացման քաղաքականության շրջանակներում, որպես այլընտրանք, ինչու չէ՝ Հայաստանը կարող է դիտարկել նաեւ Իրանը՝ ի վերջո հարց բարձրացնելով, թե ռուսական գազային քաղաքականությունը որքա՞նով է ընդհանրապես բխում Հայաստանի շահերից, եւ արդյոք ժամանակը չէ՞ Իրանը դիտարկել որպես գազամատակարարող կողմ: Հիշեցնենք, որ Իրանի հետ նավթամթերքատար կառուցելու որոշում ընդունվեց, սակայն շինարարությունը սկսելու հարցը հետաձգվում է։

Ադրբեջանը նույնպես շահագրգռված չէ միջազգային հանրությանը Իրանի վերաներգրավմամբ, այստեղ եւս էներգակիրների հարցն է, եւ ոչ միայն: Արեւմուտքի դիրքորոշումն Իրանի նկատմամբ հասկանալի է՝ նրանք համարում են, որ քանի դեռ գործող ռեժիմը չի փոխվել Իրանում, որեւէ նշանակալի փոփոխություն չի կարող արձանագրվել Իրանի հետ փոխհարաբերություններում: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա դեռ երկու տարի առաջ Իրանի հետ հարաբերությունների ջերմացման մակերեսային գործընթաց սկսվեց: 2010թ. նոյեմբերին Վրաստանի եւ Իրանի ԱԳ նախարարությունները ստորագրեցին համաձայնագիր, որով երկու երկրների միջեւ հաստատվեց առանց վիզային ռեժիմ: Բայց երկու երկրների միջեւ հարաբերությունները ավելի չխորացան:

Այսինքն՝ Հայաստանն այն երկիրն է Իրանի համար, որը ոչ միայն խնդիրներ չի ստեղծում, այլեւ թեկուզ փոքր խնդիրների լուծումներ կարող է առաջարկել՝ Արեւմուտքի հետ Իրանի հարաբերությունների տեսանկյունից։ Այս համատեքստում պետք է դիտարկել իրանցի պաշտոնյաների այցերը վերջին օրերին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հունիսին եւ հոկտեմբերին Հայաստանում էր Իրանի նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին: Իսկ նոյեմբերի սկզբին Մեղրիում տեղի ունեցավ «Մեղրի ՀԷԿ»-ի հիմնարկեքը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Իրանի պատվիրակությունը՝ Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամուջի գլխավորությամբ: ՀԷԿ-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել 5 տարվա ընթացքում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930