Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Ճաոսիի գլխավորած պատվիրակությանը: «Հայաստանի համար մեծ նշանակություն ունեն Չինաստանի հետ հարաբերությունները: Մեր երկիրը շահագրգռված է հայ-չինական կապերի հետագա ամրապնդմամբ և խորացմամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գու Ճաոսին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի վարչապետի ջերմ ողջույնները: «Մենք սրտանց ուրախ ենք Ձեր կողմից ձեռք բերված հաջողությունների համար: Երկկողմ հարաբերությունների ընթացքում մենք նաև մեծ փորձ ենք ձեռք բերել բարեկամական Հայաստանից»,- ասել է Չինաստանի քաղաքացիական հարցերով փոխնախարարը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից և ընդգծել, որ երկու երկրների միջև որևէ տարաձայնություն գոյություն չունի: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ քաղաքական մոտեցում ցուցաբերելու համար:
Զրուցակիցները կարևորել են տնտեսական ոլորտում կապերի զարգացումը: Տիգրան Սարգսյանը խնդրել է Չինաստանի վարչապետին փոխանցել իր՝ Հայաստան այցելելու հրավերը, ինչը նոր խթան կհանդիսանա համատեղ նոր ծրագրերի իրականացման գործում: Այդ տեսակետից, կողմերը հեռանկարային են համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, քիմիական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը և կապերի զարգացումը:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ մեր երկրին ցուցաբերվող հումանիտար օժանդակության համար և չին ժողովրդին մաղթել նորանոր հաջողություններ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ