Այսօր խորհրդարանի նիստը մեկնարկեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ելույթով, որը պետք է իր դիտարկումները ներկայացներ ՄԻՊ 2011թ. զեկույցի մասին: Բայց վերջինս սկսեց երեկվա իրադարձություններին անդրադառնալ. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, երեկ լուծարեցինք մեր կապերն ապօրինի իշխանության հետ, հայտարարեցինք, որ չենք ընդունում իշխանություններին, չենք հնազանդվելու անօրեն հրամաններին, լիազորված ենք իրավունքով և պաշտպանված ենք Սահմանադրությամբ»:
Նա նշեց, որ երեկ երթի մասնակիցների նկատմամբ կիրառվել են բռնի գործողություններ, ինչը «Ժառանգությունը» դատապարտում է, բայց նաև շնորհավորում է իրենց, որ չունեն մահացու դեպքեր:
«Սերժ Սարգսյանը կրկին շրջապատեց իրեն, գտնվեց բանտախցում, բայց հասարակությունն իր երդումը տվեց և ասաց, որ չի նահանջելու, և մենք չնահանջեցինք: Բաղրամյան պողոտայով շարունակեցինք մեր երթը՝ ասելով, որ միասնական ենք: Սերժ Սարգսյանը հրաման տվեց, որ մեր նկատմամբ կիրառվի բռնի գործողություն: Բայց մենք թույլ չտվեցինք, որ ձեր ուղարկած մարդկանց նկատմամբ, չնայած նրանք մերն են, բոլորինս, որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառվի»,- համարյա բղավելով ասում էր Փոստանջյանը:
Փոստանջյանը կարծում է, որ մարտի 1-ի իրադարձություններին գնահատական չտալու արդյունքն էին երեկվա գործողություններն ու նաեւ պատճառ, որ մենք չենք կարողանում Հայաստանում օրինական իշխանություն ձևավորել:
Կարդացեք նաև
Պատգամավորները տեղերից դժգոհություն հայտնեցին Փոստանջյանի արտահայտած մտքերի կապակցությամբ, միջամտեց Աժ նախագահը: Հովիկ Աբրահամյանը խնդրեց պատգամավորին ըստ էության խոսել: «Ես նկատում եմ, որ դուք հուզված եք, բայց խնդրում եմ՝ խոսեք քննարկվող հարցի մասին»:
Փոստանջյանը վստահեցրեց, որ իր ելույթը հենց մարդու իրավունքներին է առնչվում և շարունակեց. «Սերժ Սարգսյանի կողմից ցանկացած հրամանի դեպքում հասարակությունն աննահանջ է լինելու: Մարդու իրավունքների ոտնահարումը պետք է դատապարտվի: Մենք դատապարտում ենք նաև Սերժ Սարգսյանի կեղծ երդումը…»:
Հովիկ Աբրահամյանը կրկին ընդհատեց Զարուհի Փոստանջյանին, խնդրեց զբաղեցնել իր տեղը. «Իմ գործընկերներին խնդրում եմ զինվել համբերությամբ, լինել հանդուրժող: Պատգամավորներին խնդրում եմ իրենց ելույթները կառուցել քննարկվող հարցի շրջանակներում, շատ եմ խնդրում: Չի կարելի վիրավորանքներ, անտեղի քննադատություններ հնչեցնել իշխանությունների հասցեին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ