Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 9-ի իրադարձությունները, «չմտածված որոշումները», «իշխանագողությունն» ու շարժման «ողորմելի ուղղորդումը»

Ապրիլ 10,2013 12:35

Արդեն տեղեկացրել ենք, որ Ս. Սարգսյանի երդմնակալությանը  զուգահեռ Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ր.Հովհանիսյանի երդմնակալության արարողությունը:  Իսկ երեկոյան կրքերը թեժացան, տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հասարակության ներկայացուցիչների միջև, ովքեր դուրս էին եկել փողոց և իրենց բողոքի ձայնն էին ուզում լսելի դարձնել:

Aravot.am-ը ՀՀ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց` արդյոք երեկվա իրադարձությունները համահո՞ւնչ են ժողովրդավար և իրավական երկրին:

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը նշեց. «Հանրապետությունում գոյություն ունի մի զանգված, որը գործող իշխանությունից դժգոհ է, եւ դա փաստ է: Մյուս կողմից, տեղի է ունեցել ընտրություն, որի արդյունքում համապատասխանաբար կան հաղթողներ և համապատասխան տեղեր գրավողներ: Պետությունն ու համապետական մարմինները ճանաչել են դա: Այդ պարագայում մենք պիտի ունենայինք երդմնակալության ինստիտուտ, որը Սահմանադրությամբ սահմանված է, ինչը տեղի ունեցավ: Ուստի մինչ օրս չեմ հասկանում դժգոհող զանգվածի այն մոտեցումները, որ կան փետրվարի 18-ից հետո: Դժգոհող զանգվածի ուղղորդումը կատարվում է շատ ողորմելի ձևով, ու այդ պարագայում չեն կարող ասել, որ դա ժողովրդավարական մոտեցումների արտահայտում է:

Ինչ վերաբերում է ընդհարմանը, ապա ամենաքաղաքակիրթ երկրներում էլ, երբ հասարակական կարգը կարող է խախտվել, համապատասխան մարմինների կողմից դա պիտի կասեցվի: Իսկ շարժումն ուզում էր գնալ անհանդուրժողականության ճանապարհով, որը որպեսզի ավելի մեծ ընդհարման ու տխուր իրավիճակի չվերածվեր, տեղի ունեցավ այդ փոքր ընդհարումը: Շարժումը չկանոնակարգված, շատ դեպքերում իմաստազուրկ էր, տեղի ունեցավ ծիծաղելի երդմնակալություն Ազատության հրապարակում, որից հետո շփոթված տեղաշարժ գրանցվեց, ասենք ինչու գնացին այս ուղղությամբ և ոչ մեկ այլ…Կամ ժողովուրդը հայտնաբերում է, որ այսպես կոչված լիդերն այնտեղ չէ, գնացել է անկապ-անկապ խոսքեր է ասում, աղոթում է»:

Մեր հարցին, արդյոք այս իրավիճակն արդարացնո՞ւմ էր բախումներն ու բռնությունները, պարոն Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Չեմ ասում, որ դա արդարացնում է: Ուղղակի ավելի մեծ ընդհարման և ոչ ցանկալի վիճակները խաթարելու համար այդ փոքր ընդհարումը տեղի ունեցավ»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դրական է գնահատում այն, որ Ազատության հրապարակում այլընտրանքային ինագուրացիա տեղի չունեցավ ու մանրամասնում. «Ես եղել եմ այնտեղ, ու այն, որ եղավ պայքարելու երդմնակալություն, սա լավ է: Փաստացի երդվեցին միասին պայքարել ինչ-ինչ արժեքների համար: Սպասում էի, որ առավոտյան էլ կասվի` ինչպես են պայքարի ճանապարհը տեսնում, բայց որ դա տեղափոխվեց ապրիլի 12, ինձ համար հետագան արդեն այնքան էլ հետաքրքիր չէր: Երեկոյան չեմ մասնակցել իրադարձություններին: Պարզապես այն գնահատականն ունեմ, որ ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը մտածված, հեռուն նայող, խոհեմ որոշումներ չունեն»:

ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանն էլ նկատեց, որ մեր երկրում ժողովրդավարությունն արդեն վաղուց արժեք չէ ու մանրամասնեց. «Իշխանագողությունը դարձել է իշխանություն ձևավորելու հիմնական ու միակ հնարավորություն, և ժողովուրդը չի կարողանում հաշտվել այդ իրողության հետ, ուզում է վերադարձնել իր իշխանությունը: Փառք ու պատիվ մեր ժողովրդին, նրա համար ապագան հաստատ փայլուն է լինելու: Մեր ժողովուրդն ունի ապագա: Երեկվա իրավիճակը կանխատեսելի էր, սա նոր պատմություն չէ, տարիներ շարունակ ժողովուրդը նախագահական ընտրություններից հետո ընդվզում է, անհամաձայնություն է հայտնում ընտրությունների արդյունքների հետ, սակայն իշխանագողը մնում է աներեր: Ժողովուրդը ժողովրդավար է, իշխանությունները բռնապետ: Ժողովրդի գործողությունները տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում, իշխանություններինը` ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Նման միջոցառում կազմակերպել և առանց լուրջ բախումների, իսկապես Րաֆիի և Ժողովրդի հաղթանակ կարելի է համարել… Ամեն ինչ դեռ առջևում է: Ցանկալի կլիներ, որ քաղաքապետի ընտրություւներն առանց կեղծիքների լիներ, որ բոլոր Կուսակցությունները վերջապես տեսնեին, թե իրականում իրենք ինչ հարգանք են վայելու և գնահատվում ժողովրդի կողմից… Իսկ եթե կեղծվում են, ուրեմն նախապես գիտեն, որ ժողովուրդն իրենց չի ընտրելու…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930