Վաշտի հրամանատարը դատարանի կողմից դատապարտվել էր
Ապրիլի 9-ին ժամը 15.45-ի սահմաններում «աջ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Իգոր Արշալույսի Աբրահամյանը: Իջեւանի բժշկական կենտրոնում նրա վերքը մշակվել է, կատարվել են հակաշոկային միջոցառումներ, վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Իգոր Աբրահամյանը վաշտի հրամանատար է, կոչումով կապիտան, նա ականի վրա պայթել է Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղի սահմանագոտում; Ի. Աբրահամյանը 2012թ. սեպտեմբերի 1-ին մոտ 4 ժամ ինքնակամ լքել է մարտական հենակետը, մեկնել Իջեւան քաղաք, այնտեղ ոգիլից խմիչք օգտագործել, որի համար նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: 2013թ. մարտի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել է 3 ամիս ժամկետով ազատազրկման եւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ որոշել նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել,սահմանել մեկ տարի ժամկետով փորձաշրջան, նրա վարքի հսկողությունը հանձնելով զորամասի հրամանատարությանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ