Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակչի հողատարածքում սպորտդպրոց է կառուցվել

Ապրիլ 10,2013 12:06

Фото0239Фото0209 Фото0207 Фото0240Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Արամ Աթիկյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Սպիտակի քաղաքապետարանի:

Դեռեւս 2005 թվականի մայիսին քաղաքացու եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` քաղաքացուն պատկանող 460 քմ հողը շինարարական աշխատանքներ կատարելու համար տրամադրվել էր Սպիտակի քաղաքապետարանին:

Փոխարենը քաղաքապետարանը պարտավորվել էր մինչեւ 2007 թվականը Աթիկյանին սեփականության իրավունքով հատկացնել երկու սենյականոց բնակարան Սպիտակ քաղաքում:

Մինչ օրս, սակայն, Աթիկյանին ոչ միայն չի հատկացվել պայմանագրով նախատեսված բնակարանը, այլեւ, նրա հողատարածքում նախկին տան փոխարեն կանգնած է նորակառույց սպորտդպրոցը:

«Դատական հայցերով պահանջում ենք այդ տարածքում կառուցված գույքը ապօրինի տիրապետումից դուրս բերել, եթե մեզ մինչեւ հիմա բնակարան չեն հատկացնում, ապա թող այդ տարածքն ազատեն, նաեւ պահանջում ենք կնքված պայմանագիրը առ ոչինչ ճանաչել, քանի որ այն նոտարական վավերացման չի ենթարկվել եւ, ըստ այդմ, օրենքի ուժ չունի»,-«Առավոտի» հետ հարցազրույցում ասում է Արամ Աթիկյանի մայրը` Ալիտա Սեդրակյանը` բացատրելով, որ բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն ապարդյուն:

Նա հիշում է, որ երբ լրացել էր պայմանագրով նախատեսված ժամկետը`2007 թվականի վերջը, դիմել էր Սպիտակի քաղաքապետարան` տեղեկություն ստանալու:

«Երբ 2008 թվականին դիմեցի Սպիտակի այն ժամանակվա քաղաքապետին, ինձ տեղեկացրեց` քանի որ այդ ընթացքում շինարարություն չի ընթացել, շենքեր չեն կառուցվել, հենց կառուցվեն, մենք հերթացուցակի մեջ ենք, մեզ կհատկացնեն մեր հասանելի բնակարանը»,- հիշում է Ալիտա Սեդրակյանը` նկատելով, սակայն, որ 2 սենյականոց բնակարանների կառուցման պես ՀՀ քաղաքաշինության նախարարությանը կից գործող աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովը բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակից հանել է Արամ Աթիկյանին` պատճառաբանելով, որ վերջինս աղետի հետեւանքով չէ բնակարան կորցրել:

«Այդ օրվանից դատարանների դռներից այս կողմ չեմ գալիս, ՀՀ-ում էլ դատարան չմնաց, որ դիմեմ:Արդեն չեմ իմանում ումից պահանջեմ, ես ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ: Վերցրել են, թող տան, թե ով կտա, ինձ համար մեկ է»,- ասում է Ալիտա Սեդրակյանը` տեղեկացնելով, որ մինչ օրս հողի սեփականության վկայականը տղայի անունով է:

Վարչական դատարանում նրանց շահերի պաշտպան, «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան Արտուր Հարությունյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ բացի Արամ Աթիկյանի վերոնշյալ գործը, Սպիտակում 13 ընտանիք է ապրում նմանատիպ խնդրով:

Չնայած դրան` նա փաստում է, որ կան նաեւ ընտանիքներ, որոնց հետ կնքված պայմանագիրը կյանքի է կոչվել:

«Չկատարված պայմանագրերի դեպքում պետության կողմից այսօր արդեն խախտվել է քաղաքացու գույքային իրավունքը, եվրոպական կոնվենցիային կից արձանագրության առաջին հոդվածը, եւ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը»,-ասում է նա` նկատելով, որ մինչ Արամ Աթիկյանի հետ պայմանագիր կնքելը, առանց Արամ Աթիկյանի համաձայնությունն ստանալու, քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ այդ հողամասը տրամադրում է քաղաքաշինության նախարարությանը` անհատույց օգտագործման ու կառուցապատման իրավունքով:

«Այսինքն` մինչեւ քաղաքացու հետ պայմանավորվածության գալը քաղաքապետարանն արդեն որոշում էր կայացրել: Փաստորեն, քաղաքացուն խաբելով, սուտ խոստում տալով, մինչ այդ էլ որոշումներ ունենալով` պայմանագիր է կնքվել, ու հայտնվել են այս վիճակում: Ամենացավալին այն է, որ ընտանիքներ կան, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ ունեն, վճիռն էլ չի կատարվում պետության կողմից, քաղաքապետարանն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկում այս ընտանիքների հարցը լուծելու համար»:

Հակառակ սրան` մեզ հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, մտահոգություն հայտնելով Սպիտակում ապրող ինչպես մյուս 12 քաղաքացիների, այնպես էլ Արամ Աթիկյանի խնդրի կապակցությամբ, նշեց, որ համայնքի ցանկացած անօթեւանի խնդիր քաղաքապետարանի օրակարգում է:

«Մենք պաշտպանում ենք մեր բնակիչների շահերը, անձամբ եմ այդ հարցը բարձրացրել թե ՀՀ կառավարության, թե ՀՀ նախագահի մոտ, այս պահին լուծման եզրեր են փնտրվում` այս մարդկանց իրենց բնակարանները հատկացնելու համար»:

Նա տեղեկացնում է, որ խնդիրը կառավարության մակարդակով բարձրացնելու պատճառը այս հարցը լուծելու համար սեփական միջոցների սղությունն է:

«Համայնքը համապատասխան միջոցներ չունի, սակայն եթե հարցը մնա համայնքի ուսերին, ապա եկար ժամանակ կպահանջվի, իսկ խնդիրը, այնուամենայնիվ, պետք է լուծել հնարավորինս շուտ»:

Անդրադառնալով Արամ Աթիկյանի խնդրին` Սպիտակի քաղաքապետը նկատում է, որ թեեւ իրավական առումով այս մարդիկ ստանալիք չունեն, այնուամենայնիվ, բարոյական տեսակետից նրանց բնակարան չհատկացնելը ճիշտ չի լինի:

«Գործում բազմաթիվ խախտումներ կան, իրավական թույլ հիմնավորումներ ունեն, սակայն, սկզբունքորեն ճիշտ չէ չտալը, այնուամենայնիվ, ինչպես մյուսներինը, այնպես էլ Արամ Աթիկյանի խնդիրը ժամանակ է պահանջում եւ մեր օրակարգում է»,-ասում է Գագիկ Սահակյանը:

«Մենք դիմել ենք դատարան, ոչ թե նրա համար, որ կառուցված շինությունը քանդեն, թեեւ իրավական տեսակետից ունենք դրա իրավունքը, այլ ընդամենը հասկացնելու քաղաքապետարանին, որ խնդիրը լուծում է պահանջում, չի կարող չլուծվել»,-ամփոփում է քաղաքացիական հայցով Արամ Աթիկյանի փաստաբան Գագիկ Նալբանդյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ says:

    Քաղաքում շատ ընտանիքներ կան որ արդեն 25 տարի վագոնում են ապրում, պետք Է նախ նրանց մասին մտածենք, իսկ մարզադպրոցով պետք է հպարտանանք որ այդ մարզադպրոցի շնորհիվ է նաև որ այսօր Եվրոպայի 2 չեմպիոն ունենք, իսկ դուք հպարտանալու փոխարեն՝ որ դուք էլ ձեր ներդրումն ունեք այդ գործում, դատի եք տալիս

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930