Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հայաստանի թիթեռի կյանքը

Ապրիլ 10,2013 11:31

Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած նոր Հայաստանը սկսվե՞ց, թե՞ ավարտվեց: Երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո երևի շատերն են այս հարցը տալիս իրենք իրենց, իրենց կողքիններին: Ազատության հրապարակի երդմնակալությունից հետո տեղի ունեցած զարգացումները այնպիսի խառնաշփոթ առաջացրին հանրային մտապատկերում, հանրային գիտակցության մեջ, որ դժվար է որսալ տեղի ունեցածի որևէ տրամաբանական արմատ:

Ի՞նչ կատարվեց երեկոյան Բաղրամյան փողոցում, ի՞նչ արեց, ի՞նչ էր ուզում անել Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս ամենը գոնե առայժմ մնացել է անհասկանալի: Հուսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գոնե այս հարցերի պատասխանները առաջիկայում կտա, բայց կտա այնպիսի պատասխաններ` գոնե այս անգամ, որոնք սպառիչ կլինեն և հասարակության համար կլինեն առավել հասկանալի, քան այն գործողությունները, որ արեց Հովհաննիսյանը ապրիլի 9-ին: Իրադարձությունների հաջորդականությունը եղել է երևի թե բոլորի ուշադրության կենտրոնում, եղել է տեղեկատվության անսպառ հոսք, և երևի թե կարիք չկա շարադրել այն, ինչ տեղի ունեցավ երեկ: Ընդհանրապես լավ կլիներ, որ տեղի ունեցածը որևէ տեղ չշարադրվեր, որովհետև այդ ամենը կարելի է հանգիստ կերպով գրանցել քաղաքականության պատմության, և հատկապես Հայաստանի նորանկախ հանրապետության քաղաքական պատմության ամենաանհեթեթ, խայտառակության և զավեշտի խառնածին հանդիսացող իրավիճակների շարքը:

Բարեբախտաբար, այդ ամենին չավելացավ նաև ողբերգականությունը, քանի որ իրավիճակը շատ լարվել էր, և կայծ էր պակասում, կրակ բռնկվելու համար: Սակայն արդեն այնպիսի տպավորություն է, որ ընդամենը պատահականության արդյունքում է հաջողվել խուսափել զավեշտին, անհեթեթությանն ու խայտառակությանը ողբերգություն ավելացնելուց: Մարտի 1 տեսած հասարակության համար սա, իհարկե, մեծ մխիթարություն է, նոր զոհերի պակասը:

Սակայն, մյուս կողմից, ապրիլի 9-ին, ամենայն հավանականությամբ, եղան քաղաքական զոհեր, մասնավորապես` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Համենայնդեպս, նրա իսկ գործողությունների, նրա իսկ որոշումների կամ անորոշության արդյունքում ստացված վնասվածքները բավական լուրջ են և դժվար է պատկերացնել, թե արդյո՞ք Հովհաննիսյանը կգտնի բավարար ուժեր վերականգնվելու` և՛ նախագահական ընտրություններից հետո սաղմնավորած նոր շարժումը, և՛ ապրիլի 9-ի կեսօրին հռչակած, բայց երեկոյան արդեն լուրջ վտանգի տակ դրած նոր Հայաստանի հեռանկարը կենսունակ պահելու համար: Այլապես, խիստ ցավալի կլինի, եթե Ազատության հրապարակում հռչակված նոր Հայաստանը թիթեռի կյանք ունենա:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930