Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր ավագանու ընտրությունների քաղաքականացումը

Ապրիլ 10,2013 11:28

Ապրիլի 7-ից մեկնարկած Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը բացահայտում է հետաքրքրական օրինաչափություններ, որոնցից թերեւս ամենակարեւորը բազմիցս արծարծվող, բայց այդպես էլ հստակ պատասխան չստացող «Քաղաքակա՞ն, թե՞ քաղաքային են առաջիկա ընտրությունները» հարցադրումն է։
Հայաստանում գոյություն ունեն երկու տիպի ընտրություններ՝ համապետական-քաղաքական եւ տեղական-համայնքային, որոնցից առաջինի դասական օրինակը նախագահական ընտրապայքարն է, իսկ երկրորդինը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրարշավներին, ապա անգամ այստեղ մինչ օրս գործում է, այսպես կոչված, «խառը տարբերակը»։
Հայաստանում քաղաքականությունը հստակորեն անձնավորված է եւ նրա ընկալելի սուբյեկտները անհատներն են, որոնք «ակումուլացնում են» հասարակության տրամադրությունները։
Այս առումով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները ի հայտ են բերում մայրաքաղաքային հանրության տրամադրություններին բնորոշ երկու հիմնական միտումների գոյությունը։
Առաջինը, ըստ էության, ավարտված նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացի շարունակությունն է, այսինքն՝ իշխանություն-ընդդիմություն պայքարը։
Երկրորդը, ի դեմս Երեւանի քաղաքապետի աթոռի համար մրցակցության, ունի երկու երես. ա) պայքար իշխանության ու նրա թեկնածուի դեմ, բ) անհաշտ մրցակցություն ընդդիմության առաջնորդի դափնիների համար։
Ի տարբերություն նախագահականի, Երեւանի ավագանու ընտրություններում առայժմ գերիշխող է երկրորդ միտումը, քանի որ նախագահականին չմասնակցած ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ցանկանում են ցույց տալ, որ իրենք են Հայաստանի քաղաքական կյանքի իրական «ծանրքաշայինները»։ Իսկ դա գիտակցող «Ժառանգությունը» չի ցանկանում «բոլոր ձվերը մի կողովի մեջ դնել», ուստի Երեւանի ավագանու ընտրություններին է ներկայացել ո՛չ իր «հիմնական կազմով»։
Սա նշանակում է, որ առաջիկա ընտրարշավը ուրվագծում է բազմաբեւեռ դիմակայության մի բարդ խճանկար, որն անխուսափելիորեն բերելու է ընդդիմադիր ընտրազանգվածի բազմակի կոտորակմանը։ Ներկայումս ուրվագծվող դիմակայության բնորդը խոստանում է Երեւանի ավագանու ընտրությունները վերածել 2012-ի խորհրդարանական ընտրությունների կրկնության՝ մի էական տարբերությամբ. Երեւանում բազմաբեւեռ դիմակայություն է ընթանալու ոչ միայն քաղաքական-կուսակցական, այլեւ զուտ «փողա-լծակային» դաշտում։
Բայց ամենակարեւորն այստեղ լինելու է այդ երկու գործոնների համադրումը՝ ընտրացուցակներում առաջին համարով հանդես եկող Երեւանի քաղաքապետի թեկնածուների իմիջի հետ։ Այս առումով միայն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի տվյալ բնագավառում աշխատանքի կոնկրետ փորձ։ Իսկ նրա համար լուրջ մրցակից դիտվող ԲՀԿ-ի առաջին համարը նախկին արտգործնախարար Վ.Օսկանյանն է, որին խիստ դժվար է պատկերացնել քաղաքապետի դերում։
Ստեղծվում է մի կացություն, երբ ընտրապայքարի ելքը որոշելու գործում կրկին իր խոսքը կարող է ասել կոնկրետ անձի գործոնը՝ Տարոն Մարգարյանի եւ Վարդան Օսկանյանի հեռակա մրցակցության տեսքով։ Քաղաքական առումով երկրորդն ավելի փորձառու է, սակայն առաջինը զգալի առավելություն ունի հենց նրանով, որ համապետական քաղաքականության բարձր ոլորտների փոխարեն զբաղվել է սեփական համայնքի, հետագայում էլ՝ քաղաքի հարցերով։ Իսկ Հայաստանում, սովորաբար, որքան հեռու ես քաղաքականությունից, այնքան ավելի մեծ շանսեր ունես արժանանալու ժողովրդի համակրանքին։
Ստացվում է, որ ապաքաղաքական Տարոն Մարգարյանն այս առումով առավելություն ունի քաղաքականացված Վարդան Օսկանյանի հանդեպ, ուստի նրա գլխավորած «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը կարող է շահել միայն մի պարագայում, եթե կարճ ժամանակում կարողանա վերականգնել արդեն մասնակիորեն կորսված ընդդիմադիր իմիջը եւ դառնալ ընդդիմության համախմբման առանցք։
Հարց է առաջանում. հնարավո՞ր են դեպքերի նման զարգացումները, եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ «Ժառանգությունն» ու նրա առաջնորդը միայն ու միայն իրենց են համարում ընդդիմության առաջատար ուժ։ Զուտ քաղաքական առումով սա ուղղակի անհնար է, քանի որ ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» իրենցով մարմնավորում են կողմնորոշումային ուղղվածություն ունեցող Հայաստանի քաղաքական դաշտի ճիշտ հակառակ բեւեռները։
Սակայն մեզանում քաղաքականությունը բեկվում է նաեւ կոնկրետ անձերի նախապատվությունների ու համակրանք-հակակրանքների ոսպնյակի մեջ, որտեղ Երեւանի ավագանու ընտրություններում ձեւավորվել է հետաքրքրական կացություն։ Այն է՝ ԲՀԿ-ի ցուցակի առաջին դեմքը եւ «Ժառանգության» առաջնորդը «խորքային ընդհանրություններ» ունեն հենց արտաքին կողմնորոշումների հարթության վրա, որոնք ուղղակի հնարավոր չէ անտեսել։
Ուրեմն գործնականում բազում դժվարությունների հետ կապված, սակայն, տեսականորեն Վ.Օսկանյան-Ր.Հովհաննիսյան ստվերային դաշինքի կամ «անձնական ունիայի» հնարավոր ձեւավորման դեպքում միայն իշխանությունն ու նրա թեկնածուն կկանգնեն բարդ խնդիրների առջեւ, որովհետեւ այդ պարագայում տեղական-համայնքային սկզբունքը կմղվի երկրորդական պլան, եւ տեղի կունենա ուժերի կենտրոնացում՝ «Բարգավաճ Հայաստանի» եւ քաղաքապետի նրա թեկնածուի շուրջ։

 

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930