Զգուշավոր եւ իրատեսակա՞ն, թե՞ հավակնոտ, բայց իրագործելի
2013-ի Հայաստանի պետական բյուջեն պետք է գերազանցի 1 տրիլիոն դրամի սահմանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի կառավարության առջեւ խնդիր էր դրված լրացուցիչ 102 մլրդ դրամ եկամուտներ հավաքել, ինչին շատերը թերահավատորեն էին վերաբերվում: Այդուհանդերձ, այդ ծրագրային խնդիրը կատարվեց` ինչպես տնտեսական աճի, այնպես էլ հարկերի հավաքման ցուցանիշի ավելացման շնորհիվ: Իրականում 102 մլրդ դրամ լրացուցիչ հարկ հավաքելը թեթեւ առաջադրանքներից չէր իհարկե, բայց ասել, որ անհնարին էր, այդպես չէ: Համաշխարհային բանկի փորձագիտական գնահատմամբՙ Հայաստանում լրացուցիչ 240 մլրդ դրամ հարկերի հավաքման ռեսուրսներ կան: Հետեւաբար, կարելի էր հարկերի հավաքման ավելի բարձր շեմի ձգտել: Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ. հեռանկարային զարգացման ծրագրով, մասնավորապես, բյուջեի ավելացման ավելի բարձր ցուցանիշներ են նախատեսվում:
Եկող տարվա համար նախատեսվում է բյուջեի միայն հարկային եկամուտները հասցնել 1 տրլն 149 մլրդ դրամի, 2015-ի համար` 1 տրլն 287 մլրդ դրամի, 2016-ի համար` 1 տրլն 445 մլրդ դրամի, 2017-ի համար` 1 տրլն 624 մլրդ դրամի, 2021-ի համար` արդեն 2 տրլն 592 մլրդ դրամի եւ 2025-ին` 4 տրլն 142 մլրդ դրամի: Այսինքն, խնդիր է դրված առաջիկա 12 տարիներին միջին տարեկան հարկային եկամուտներն ավելացնել 250 մլրդ դրամով: Սա իսկապես դժվար իրագործելի խնդիր է եւ կարելի է ենթադրությունններ անել, թե ինչպե՞ս կհաջողվի հաջորդ 12 տարիների Հայաստանի կառավարություներին լուծել դա: Մյուս կողմից էլ, սակայն, մեր երկրում բավականին ցածր է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը եւ հրատապ է այդ ցուցանիշի արագ տեմպերով բարելավումը:
Առաջիկա նույն տարիների համար ծրագրվում է հարկային եկամուտների միջին տարեկան 0,3-0,4 տոկոսային կետի աճ ՀՆԱ նկատմամբ: 2013-ին այդ ցուցանիշը պետք է կազմի 22,3 տոկոս, եկող տարի` 23 տոկոս: Այսպես շարունակվելով, ծրագրվում է 2025-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 27,1 տոկոսի: Ներկայիս համեմատությամբ սա իսկապես նկատելի առաջընթաց կլինի:
Միեւնույն ժամանակ, Արեւելյան Եվրոպայի երկրներում այս ցուցանիշը հիմա արդեն իսկ գտնվում է 25-30 տոկոսի միջակայքում, իսկ առավել բարեկեցիկ եւ զարգացած արեւմտաեվրոպական երկրներում 35 տոկոսից էլ բարձր է: Սա նշանակում էՙ այս երկրներում եկամուտներն ավելի լավ են հավաքվում, եկամուտների վերաբաշխումն ավելի արդար է կատարվում, սոցիալական բեւեռացումը շատ փոքր է եւ բարեկեցության մակարդակն ավելի բարձր: Գուցե այս դեպքում եւս երկարաժամկետ զարգացման ծրագրով փորձ կատարվի ավելի հավակնոտ խնդիր դնել եւ փորձել կատարել: Օրինակ` 27 տոկոսի փոխարեն 2025-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել գոնե 30 տոկոսի: Հատկապես նկատի ունենալով, թե աշխատավարձերի բարձրացման ինչ քաղաքականություն է որդեգրվելու առաջիկա 12 տարիներին, ստվերի նվազման միջոցով հարկերի հավաքման ավելի բարձր տեմպեր են անհրաժեշտ լինելու:
2014-ից հետո 2012-2025 թթ. ծրագրով յուրաքանչյուր տարի կառավարությունը պարտավորվում է ապահովել հանրային կառավարման եւ դատաիրավական համակարգի աշխատաողների առնվազն 10 տոկոս աճ, որը պետք է գերազանցի տնտեսության մեջ միջին աշխատավարձի աճի տեմպը: Ի դեպ, նույն փաստաթղթով, 2014-ին նախատեսվում է պետական ծառայողների աշխատավարձերի 50 տոկոս աճ 2012-ի նկատմամբ: Գուցե դրա մեջ ընդգրկված է նախագահի վերջին հեռուստաելույթում խոստացված աշխատավարձերի աճն այս տարվա հուլիսի 1-ի՞ց:
Ամեն դեպքում, պետական ծառայողների աշխատավարձերը նախատեսվում է մեկ այլ համամասնություն, որն, ըստ ծրագրի հեղինակների, բնորոշ է այս ոլորտում Եվրոմիության երկրներում առկա իրավիճակին: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի եւ պետական ծառայողների միջին տարեկան աշխատավարձերի հարաբերակցությունը կլինի 0,6-0,8-ի սահմաններում: Կառավարությունը առաջարկություն կներկայացնի պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների միասնականության ներդրման, պետական ծառայության տարբեր աստիճանների եւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի միջեւ օպտիմալ հարաբերակցության սահմանման համար:
Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ հարկային եկամուտների հավաքման եւ պետական աշխատավարձերի բարձրացման փոխկապակցվածությունը պետք է պահպանել: Ավելին, վերջինիս արդյունավետ իրագործման համար հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ հարկերի ծավալի ավելացման կարիքը թերեւս կզգացվի: Այսինքն, այս դեպքում եւս կառավարության առաջիկա ծրագրերը կարելի է բնորոշել որպես իրատեսական եւ զգուշավոր, բայց չէր խանգարի, որ դրանք դառնային հավակնոտ, բայց իրագործելի:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ազգ»