Երեկ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցում էր նաև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ ՍԴՀԿ-ն գտնվում էր ընդդիմության մեջ, անգամ մաս էր կազմում Հայ ազգային կոնգրեսին: Մեր հարցին ի հարցին ի պատասխան, թե ինչ է այսօր փոխվել, ՍԴՀԿ ԿՎ ատենապետը նշեց.
-Ժամանակները, եղած երևույթներն են փոխվել: Պետք չէ համեմատել հինգ տարի առաջ եղած Հայաստանն այսօրվա Հայաստանի հետ: Հինգ տարի առաջ Հայաստանում քաղաքական գործիչների և լրագրողների էին ծեծում, փակվում էին լրատվամիջոցներ, չկար քաղաքացիական հասարակություն: Այժմ որակապես նոր էջ է բացվել, համենայն դեպս մենք այդ հույսն ունենք: Այո՛, միշտ չէ, որ իշխանությունների գործողությունների հետ համաձայն ենք, սակայն հույս ունենք, որ Նախագահի՝ փոփոխությունների մասին հայտարարություններն իրականություն կդառնան:
-Պարոն Աճեմյան, ՍԴՀԿ-ն Հայաստանում գտնվում է բավական թույլ վիճակում՝ չկան ընդգծված քաղաքական լիդերներ, ժամանակին կուսակցությունը բաժանվեց երկու մասի:
-Այո՛, մենք մեր լավագույն օրերը չէ, որ ապրում ենք, սակայն այդ էջը նույնպես շրջված է: Առաջիկայում Հայաստանի մեր կառույցն ավելի ակտիվ դիրքերից հանդես կգա և դուք դրա ականատեսը կլինեք: Ինչ վերաբերում է ընդգված քաղաքական լիդերներին, ապա Հնչակյան կուսակցությունը երբեք մեկ մարդու քաղաքական ուժ չի եղել: Մեր անհատ ընկերների վարկանիշը միշտ էլ շատ ավելի ցածր է եղել, քան կուսակցության վարկանիշը: Ի դեպ, ինչ վերաբերում է քաղաքական ակտիվությանը, այժմ սկսել է նոր փուլ՝ հնարավորության դեպքում համախմբել ընկերվարական հայացքներ ունեցող ուժերին, տեսնենք ինչպես կստացվի:
Կարդացեք նաև
-Ասում են, որ Հայաստանի իշխանությունների հետ ձեր հարաբերությունները կարգավորվեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի միջոցով:
-Ես բարեկամական հարաբերություններ ունեմ պարոն վարչապետի հետ, կարծում եմ, որ նա գտնվում է իր տեղում և Հայաստանի ամենաիմաստուն գործիչներից է, սակայն մենք անձերով չենք պայմանավորում մեր գործողությունները: Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունների ջերմացմանը նախ և առաջ նպաստել է այն աշխատանքը, որ տարվում է այսօր երկրում՝ մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների առումով: Այո՛, դեռ կան բազմաթիվ խնդիրներ, Հայաստանում քաղաքացիների կենսամակարդակը շատ ցածր է: Այստեղ արդեն մենք տեսնում ենք նաև ՍԴՀԿ-ի դերակատարությունը: Մենք պատրաստ ենք մեր ողջ ուժն ու կազմակերպական կարողությունները դնել ի նպաստ մեր երկրի, ինչպես և միշտ արել ենք:
-Ինչպես եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, նրա հայտարարություններին նախագահական ընտրությունների առնչությամբ:
-Րաֆֆին իմ լավ բարեկամն է, իմ կրտսեր ընկերը, սակայն եկել է ազգային միասնության, այլ ոչ թե հեղափոխությունների ժամանակը: Թող ձեռք-ձեռքի տա նախագահ Սարգսյանի հետ, փորձի իր մասնագիտական ունակությունները ծառայեցնել երկրի առաջընթացին:
ՍԴՀԿ մամլո դիվան