Երեկվա իրադարձություններից մի քանի տխուր հետեւություն կարելի է անել։ Հետեւություն առաջին. ժողովրդի համբերությունը սպառվել է, եւ եթե անգամ հիմա էլ կարողանան ճնշել ու զսպել հասարակական դժգոհությունը, դա երկար չի տեւելու։ Ապագայում կարող է ամեն ինչ ավելի տխուր ավարտ ունենալ։ Տխուր՝ իրենց համար։
Հետեւություն երկրորդ. ժողովրդի համբերությունը սպառվել է նաեւ իր անելիքը չիմացող, խաբող-գցող, անհամարձակ ու անծրագիր ընդդիմության նկատմամբ։ Չի կարելի ժողովրդին ասել՝ վաղը չէ մյուս օրը մենք տոնելու ենք մեր հաղթանակը, իսկ վաղը չէ մյուս օրը հայտարարել, թե հաղթանակն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Երբ ժողովուրդը հասկանա, որ ընդդիմության հետ չի կարելի հույսեր կապել, կանցնի ինքնաբուխ գործողությունների, եւ այդ դեպքում ամեն ինչ տխուր ավարտ կունենա նաեւ ընդդիմության համար։
Հետեւություն երրորդ. չի կարելի այսպիսի դժգոհության, այսքան բողոքի պայմաններում, ոստիկանական մահակի օգնությամբ պաշտոնավարել։ Ցանկացած նախագահ պետք է անսա իր ժողովրդի ձայնին եւ չպետք է ինքն իրեն մխիթարի, թե հրապարակում հավաքվածները մի քանի հազար մարդ են։ Նախ, որովհետեւ եթե անգամ մարդիկ չեն գալիս հրապարակ, դա դեռ չի նշանակում, թե դժգոհ չեն։ Դժգոհությունն ամենուր է՝ անգամ այն դահլիճում, որտեղ երեկ երդվում էր Սերժ Սարգսյանը։ Գուցե անգամ այդ դահլիճում ավելի շատ, քան Ազատության հրապարակում։ Պետք է գտնել երկրում մթնոլորտը փոխելու, մարդկանց մոտ հույս արթնացնելու, կենսական տեղաշարժեր արձանագրելու ձեւը։ Իսկ եթե չկան այդ եղանակները՝ չի տեսնում, չեն երեւում, պետք է ուժ գտնել եւ հրաժարական տալ: Թող իշխանության գան նրանք, ովքեր տեսնում են:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»