Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի՝ երեկ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը։ Փոխադարձ կոմպլիմենտներ փոխանակելով՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները նշել են, որ իրենք աշխատել են դժվարին ժամանակներում եւ լուծել «շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ»։ Ընդունելով Տիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության հրաժարականի դիմումը՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի՝ անկախ բոլոր գնահատականներից՝ դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ։ Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը, շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կատարելու է իր առջեւ դրված խնդիրները»։
Իհարկե, Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, չափազանցրել է՝ ոչ միայն այս կառավա¬րության ստեղծած բարենպաստ միջավայրի մասով, այլեւ նոր կառավարության։ Ի վերջո, հենց ինքն իր վերջին ասուլիսում բացահայտ ասաց, որ չի պատրաստվում էական փոփոխություններ կատարել այս կառավարության կազմում՝ դա պայմանավորելով նրանով որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն իբր թե կարողանում է լուծել իր առջեւ դրված խնդիրներն ու ապահովել խոստացված տնտեսական աճը. «Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը եւ ասեմ՝ գնացե՛ք, հրաժարական տվեք։ Մարդիկ դրված խնդիրը կատարել են։ Հազարավոր թերություններ կան, բացթողումներ կան։ Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ նոր մարդիկ ավելի լավ կանեն դա»,- ասել էր Սարգսյանը՝ այդպիսով առաջ տանելով իր՝ դեռեւս դրանից մեկ տարի առաջ ներմուծած կառավարման փիլիսոփայությունը, թե՝ «կարող էր ավելի լավ լինել, բայց կարող էր եւ ավելի վատ էլ լինել, չէ՞»։
Սա, իհարկե, ապշեցուցիչ մոտեցում է մի երկրի ղեկավարի համար, որտեղ աղքատությունը վերջին 5 տարիներին պաշտոնական տվյալներով գրեթե կրկնապատկվել է, որտեղ եղել է ԱՊՀ տարածքում ամենամեծ տնտեսական անկումը, եւ վերջապես, որն օրեցօր դատարկվում է։
Սակայն այդ ամենը կարծես թե շատ չի հուզում Սերժ Սարգսյանին, որը, դատելով ամեն ինչից, շարունակելու է կրել իր վարդագույն ակնոցները եւ հավատալ իրեն ներկայացված վիճակագրական տվյալներին։ Դրանցից մեկի վրա հիմնվելով՝ հիշեցնենք, նա վերջերս պնդում էր, թե Հայաստանում կան 150 հազար դրամ աշխատավարձով հարյուրավոր թափուր աշխատատեղեր, սակայն մեր քաղաքացիները չեն ցանկանում նման «ցածր» աշխատավարձով աշխատել։ Մինչ այդ էլ հավատացնում էր, թե Հայաստանից զանգվածային արտագաղթն իրականում սեզոնային աշխատանքային միգրացիա է։
Կարդացեք նաև
Ինչեւէ, արդեն իսկ պարզ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել, եւ կառավարության կազմում կլինեն հերթական կոսմետիկ փոփոխությունները։ Ու թե այդքանից հետո ինչպես է Սերժ Սարգսյանը խոստանում երկրում կտրուկ բարեփոխումներ իրականացնել՝ միայն ինքը գիտե։
«Ժողովուրդ»
Եթե Տիգրան Սարգսյանը պիտի մնա Վարչապետ և շարունակի այսպես կառավարել երկիրը` անտեսելով ինձ և մյուս թոշակառուներին, ապա ինչպես նման դեպքերում Օդեսսայում են ասում ,,штоб я видел его на одной ноге,а он меня видел одним глазом,,