Մալդիվյան թերթերում տարածված նկարը, որտեղ նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդն ու նրա հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Հուսեյն Զաքին հանդիպում են «Արթուր եղբայրներին», պարզվել է իրական չէ: Գրում է «Մինիվան նյուզ» լրատվականը:
Հայ «եղբայրները», որոնք, ինչպես պնդում է լրատվականը, կապված են թմրադեղերի, թրաֆիքինգի, փողերի լվացման, լրատվամիջոցների վրա հարձակումների և Քենիայում կատարած այլ հանցանքների հետ, վերջերս նաև լուսանկարվել էին Մալդիվների զբոսաշրջության նախարար Մոհամեդ Ադհիբի և պաշտպանության նախկին նախարար Մոհամեդ Նազիմի հետ:
Երկու նախարարները հերքել են Արթուր եղբայրների հետ ունեցած իրենց կապը, այնուամենայնիվ լրատվամիջոցները հրապարակել են զբոսաշրջության նախարարության մի նամակ ուղղված իշխանություններին խնդրանքով, որ Մարգարյան և Սարգսյան Արթուրներին բնակության վիզա տան: Նամակի ամիս ամսաթիվը նշված է հունվարի 27 և ստորագրված է Ադհիբի անունով:
Իսկ կիրակի լրատվամիջոցները տարածեցին մի նկար, որտեղ նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդն ու նրա հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Հուսեյն Զաքին հանդիպել են Արթուր Սարգսյանի հետ:
«Չենել նյուզ Մալդիվս» լրատվամիջոցը հայտնել էր, որ նկարն առաջին տարածողը քաղաքական գործիչ Իլյաս Հուսեյնն է, ու նա հաստատում էր, որ այն իսկական է:
Սակայն պարզվել է, որ լուսանկարը սարքած է, իրական նկարում ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Սթեինբերգն է: Սթեինբերգի գլուխը ֆոտոշոփով փոխարինվել էր Արթուր Սարգսյանի գլխով:
Բացահայտումից հետո, խոսելով «Մինիվան նյուզ»-ի հետ, Իլյաս Հուսեյնն ասել է, որ այս հարցի հետ կապված մեկնաբանություն այլևս չի ցանկանում տալ:
Այդ դեպքից հետո լուսանկարը դարձել է կատակների աղբյուր: Նաշիդին սկսել են պատկերել տարբեր հայտնի կերպարների հետ, այդ թվում՝ Սթիվ Ջոբսի, Ջասթին Բիբերի, Ալբերտ Այնշտայնի, «Դիկտատոր» ֆիլմի գլխավոր կերպարի, Բեթմենի, Միսթր Բինի և այլոց:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ