Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպայման սկսածն ավարտին հասցնում եմ, սակայն վերջին պահին». Ավարտական աշխատանքների ու դրանց պատրաստման մասին

Ապրիլ 09,2013 18:35

Եկել է ավարտական աշխատանքներ գրելու շրջանը՝ մագիստրոսական թեզ, դիպլոմային աշխատանք… ոմանք արդեն ավարտել են, ոմանք դեռ չեն էլ սկսել: Ֆեյսբուքում օր օրի ավելանում են «Չեմ հասցնում», «Չեմ կարողանում», «Չգիտեմ»… ու չ-ով սկսվող նմանատիպ այլ գրառումներ, իսկ, թե ինչպես են ուսանողները պատրաստում իրենց ավարտական աշխատանքները՝ փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»:

Վերջին շրջանում Գայանե Հակոբյանի համար ամենաանտանելի հարցն է՝ ի՞նչ վիճակում է դիպլոմային աշխատանքդ: Պատճառը մեկն է՝ չի հասցնում ավարտել: «Ամեն անգամ խուսափում եմ դասախոսիս այդ հարցից, որովհետև նյարդայնանում եմ ու բարկանում ինձ վրա, որ միշտ ամեն ինչ թողնում եմ վերջին օրը, – ասում է նա ու ավելացնում, – թեև բարեխախտաբար դրանից դեռ չեմ տուժել»:

Հասմիկ Սարգսյանը շուտով կավարտի դիպլոմային աշխատանքը, ասում է՝ այն իրենից բարդություն չի ներկայացնում. «Հաճույքով եմ գրում աշխատանքս, քանի որ թեման ինձ դուր է գալիս»: Դիպլոմային աշխատանքի պաշտպանությունից էլ չի վախենում. «Ես իմ գիտելիքների վրա վստահ եմ», – նշում է նա:

«Թեզիս թեման ինքս եմ ընտրել, – ասում է Լիլիթ Կարապետյանը, – անշուշտ, այն ինձ դուր է գալիս, հակառակ դեպքում դժվար թե կարողանայի աշխատանքիս ծավալն ապահովել»: Լիլիթի մագիստրոսական թեզն ավարտական փուլում է, ըստ նրա՝ թեզ գրելու բարդությունն առաջ է գալիս այն ժամանակ, երբ ուսումնասիրություններն են քիչ լինում. «Շատ կարևոր է ճիշտ ընտրել գրականությունը, որից օգտվում ես, անպայման պետք է օգտվել, ոչ թե copy past անել… այն, ինչից օգտվում ես պետք է համեմել սեփական վերլուծություններով», – ասում է նա: «Թեզացավով» բոլոր տառապողներին էլ խորհուրդ է տալիս դառը շոկոլադ ուտել ու դեպրեսիայի մեջ չընկնել, և հիշել, որ այնուամենայնիվ թեզ գրում են վերջին երկու ամիսների ընթացքում:

Նինա Սեյրանյանը չէր, սպասում, որ դիպլոմային աշխատանքը մեծ հաճույքով ու սիրով կանի, ասում է. «Շրջապատումս բոլորը զարմանում ու ծիծաղելով ասում էին՝ ինչպես կարելի է հաճույքով գրել դիպլոմայինը», – ասում է նա: Դիպլոմային գրելն այնքան երկար ժամանակ չպահանջեց, որքան նյութերի ու ինֆորմացիայի հավաքագրումն ու գրքերի ընթերցումը, ամբողջ աշխատանքը Նինան ավարտել է երկու ամսում. «Մտքերս ու օրինակներս այնքան շատ էին, որ նույնիսկ անցա էջերի թույլատրելի սահմանը, 40 էջի փոխարեն 69 ստացվեց, իսկ հետո ղեկավարիս պահանջով կրճատեցի դրանք», – ասում է նա:

«Ռեպորտաժի ժանրային առանձնահատկությունները և դրսևորման ձևերը հեռուստատեսությունում». սա Էլմիրա Սմբատյանի մագիստրոսական թեզի թեման է, այն ընտրվել է հաշվի առնելով ռեպորտաժի առանձնահատկությունն ու ժանրային բազմազանությունը. «Աշխատանքս գրեթե պատրաստ է, աշխատել եմ հաճույքով, քանի որ ռեպորտաժը, լինելով սահմանային ժանր, իրականի և երևակայականի միախառնումն է հեռուստաէկրանին, այդ թվում՝ համարվելով մեթոդ, գործելաձև, որը հեռուստատեսությունում հենց տանող հրթիռն է, որովհետև ռեպորտաժայնությունը հեռուստատեսության հիմքն է», – ասում է նա: Աշխատանքը գրելիս Էլմիրային շատ է օգնել նաև հեռուստատեսության բնագավառի մարդկանց հետ զրույց-հարցազրույցները, որոնք ևս ներառել է թեզում՝ որպես հավելված:

Հռիփսիմե Գալստյանը դեռ չի սկսել դիպլոմային աշխատանքը. «Մեզ մոտ դիպլոմային աշխատանքների թեմաները բավականին շուտ են հաստատում և մենք հոկտեմբերից արդեն ունեցել ենք թեմաները, – ասում է նա, – բայց առաջին կիսամյակում նաև կուրսային աշխատանք ունեինք գրականությունից: Իսկ քանի որ իմ մասնագիտացումն էլ գրականագիտությունն է ու ես դիպլոմային աշխատանքի թեմա եմ ընտրել Նորագույն գրականության պատմությունից, ստացվում էր, որ ես պիտի զուգահեռաբար երկու տաբեր գրականագիտական ուսումնասիրություն անեմ: Բայց դա ուսանողի համար այնքան էլ հեշտ չէ: Ես առաջին կիսամյակում գրեցի կուրսային աշխատանքս և որոշեցի որ երկրորդ կիսամյակում էլ կգրեմ դիպլոմային աշխատանքը: Հիմա մի փոքր ձգձգվում է գրելու փուլը»: Ղեկավարի հետ միասին Հռիփսիմեն դեռ չի հստակեցրել դիպլոմայինի գլուխները, այդ խնդիրները կարգավորելուն պես համոզված է՝ երեք-չորս օրում կգրի. «Գիտեմ, որ ընկերներիցս շատերը արդեն գրել են: Երևի մինչև հիմա դեռ գրած չլինելու պատճառը պետք է իմ մեջ փնտրեմ. ես ունեմ պատասխանատվության զգացում ու անպայման սկսածն ավարտին հասցնում եմ, սակայն՝ վերջին պահին», – նշում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930