Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հյուրերն էին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի սաները: Վերջիններս ցուցասրահ էին այցելել «Ստեղծիր քո պատմությունը» նոր կրթական ծրագրի շրջանակներում, որը նախատեսված է ընտանիքների եւ դպրոցականների համար: Ծրագրի առաջին մասում երեխաները շրջեցին կենտրոնի «Արծիվ» սրահում, որտեղ առաջին անգամ ներկայացված են մեծանուն նկարիչ, քանդակագործ Հակոբ Հակոբյանի քանդակները: Ապա նաեւ հնարավորություն ունեցան պատրաստել իրենց իսկ երեւակայությունից ծնված կերպարներ, որոնց համար նյութ էին ծառայում երեխաների բերած ու նաեւ կենտրոնի տրամադրած առարկաները:
«Այս ծրագիրը բացահայտում է` ինչպես հասարակ առարկաները կարող են վերածվել ֆիգուրների` զարգացնելով երեխաների երեւակայությունը: Սա նաեւ հրաշալի առիթ է վայելելու ստեղծագործական մթնոլորտը»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Դպրոցի սաներից մեկը` Արան, իր բերած կոտրված բաժակն ու մոմակալը պատրաստվում էր օգտագործել` ստանալու համար իր պատկերացրած մարդուկին: Եվ չնայած նրան, որ վերջինս որոշել է ֆինանսիստ դառնալ, սակայն դա չէր խանգարում նրա երեւակայության դրսեւորմանը ֆիգուրը ստանալու համար:
Արսենն ու Ռազմիկն էլ, տարված հակոբյանական տրամադրություններով, որոշեցին իրենց հերոսին ստեղծել ռազմական շնչով` կոչելով իրենց աշխատանքը «Անհամբեր մարդը». «Սա մի կերպար է, որը սպասում է` երբ է պատերազմը վերջանալու»,- նշեցին երեխաները:
Կարդացեք նաև
Ծրագրի հիմնական նպատակը, ինչպես մեկնաբանեց կենտրոնի հանրային կապերի եւ մարկետինգի տնօրեն Լիլիթ Սոխակյանը, երեխաներին, պատանիներին արվեստին մոտեցնելն է: Ծրագրի շրջանակներում կենտրոնը համագործակցում է բոլոր դիմողների հետ` անկախ նրանից, թե Հայաստանի որ շրջանը կներկայացնեն դիմողները:
Գոհար ՍԱՅԱԴՅԱՆ