Նորոգումն ավարտելու համար պահանջվում է եւս 20 միլիոն դրամ
«Առավոտում» հոդված էինք հրապարակել Տավուշի մարզային գրադարանի շենքի վերանորոգման ընթացքում կատարված աղաղակող խախտումների մասին: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ այդ հոդվածը դատախազությունն ուղարկել է ոստիկանության Իջեւանի բաժին` նյութեր նախապատրաստելու: Դրա արդյունքում կորոշվի` քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:
Նշենք, որ մարզային գրադարանի շենքի նորոգումը սկսվել է 2011 թվականի հուլիսին, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ: Այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Նորոգումը կատարվել է մեծ խախտումներով: Առաջին հարկի 2 սենյակներում, ուր տեղավորված են այցելուների սպասարկման, գրքերի մշակման եւ համալրման, մեթոդական եւ տեղեկատվական բաժինները, էլեկտրական հոսանքի լարեր չեն անցկացվել, գրադարանի աշխատակիցները ստիպված իրենք են հոսանքի գծեր անցկացրել:
Սպասարկման բաժնում տեղադրված «եվրապատուհանները» բացելուց հետո չեն փակվում, ուստի գրադարանավարուհիները դրանք ընդհանրապես չեն բացում: Նորոգված սենյակների պատերին բազմաթիվ ճեղքեր կան, նաեւ` խոնավության հետքեր: Նախասրահում գտնվող զուգարանների նորոգումն անավարտ է մնացել:
Կարդացեք նաև
Նորոգման աշխատանքների կիսատ մնալու պատճառով մարզային գրադարանի գեղարվեստական գրականության մի մասը`20 հազար կտոր գրականություն, գտնվում է Իջեւանի թիվ 5 դպրոցում: Մարզային գրադարանը ստացել է արդիական սարքավորումներ` տեսասկավառակներ դիտելու համար: Սակայն քանի որ շենքի նորոգումը չի ավարտվել, այդ սարքավորումներն այդպես էլ մնում են պահեստավորված վիճակում:
Նույն կերպ չի գործում գրադարանի ընթերցասրահը: Շենքի երկրորդ հարկի ամրացման նպատակով այն ցանցապատվել է, սակայն գործը կանգ է առել: Ներկայումս վերանորոգման գործընթացը չի շարունակվում: Գրադարանի աշխատակիցներն ասացին, որ նորոգումն ավարտելու համար լրացուցիչ 20 միլիոն դրամ է հարկավոր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ