Կուսակցությունների նախընտրական ծրագրերը գնալով կատարելագործվում են, եւ որպես ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրերի շարունակություն, այս անգամ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում գոնե թղթի վրա ներկայացնում են քաղաքացիներին իսկապես հուզող խնդիրներն ու մասամբ դրանց լուծումները:
Օրինակ` երեւանցու համար քաղաքի առաջնահերթ խնդիրներից կարելի է համարել տրանսպորտը, կանաչ տարածքների հաշվին կառուցապատումները եւ այլն, եւ այլն:
ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրությունների իր նախընտրական ծրագրով որոշել է փոքր կենտրոնում արգելել բնակարանաշինությունը, Երեւանը մաքրել ապօրինի եւ ինքնակամ շինություններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնահարկերի միասնական նախագծեր եւ կանխել պատմամշակութային դիմագծի խաթարումը:
Իսկ «Բարգավաճ Հայաստանի», ինչպես իր նախընտրական ծրագրում է նշված` քաղաքաշինական եւ ճարտարապետական առաջնահերթություններից է Երեւանի գլխավոր հատակագծի պահանջների անվերապահ կատարումը եւ բացառում է դրանից որեւէ շեղում: Եթե ՀՅԴ-ն ճարտարապետաշինարարական գործունեության կոշտ վերահսկողություն է նախատեսում, ապա ԲՀԿ-ն առաջարկում է կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետաշինարարական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի պարզեցում եւ մատչելիության ապահովում:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Երեւանի բնապահպանական խնդիրներին, ապա ԲՀԿ-ն առաջարկում է մայրաքաղաքի որոշակի տարածքների նկատմամբ բնապահպանական հատուկ ռեժիմ սահմանել: «Անհրաժեշտ է բարելավել Հրազդան գետի կիրճի բնապահպանական եւ ենթակառուցվածքային պայմանները, աշխատանքներ տանել Երեւանյան լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ պահպանման համար, մայրաքաղաքի կանաչ գոտիների տարածքը մեկ շնչի հաշվով հասցնել նվազագույնը 20 քմ-ի», -գրված է կուսակցության ծրագրում:
Իսկ ՀՅԴ-ն մայրաքաղաքի բնապահպանական վիճակը բարելավելու համար առաջարկում է մինչեւ 2017 թվականը առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները, Դալմայում եւ Նորքում ստեղծել խոշոր հանգստի գոտիներ, մեկը` մանկական: Բացի այս, Դաշնակցությունը որոշել է աղբահանության ու թափոնների ամենօրյա հավաքում կազմակերպել, փողոցների, ստորգետնյա անցումների, բակերի, բնակելի շենքերի սանմաքրման արդիական մեթոդներ, ներդնել աղբի վերամշակման էկոլոգիապես մաքուր համակարգ: ԲՀԿ-ն նույնպես գետնանցումներին ուշադրություն է դարձրել եւ նույնպես խոստանում է այն ավելի հարմարավետ եւ մաքուր դարձնել:
Ինչ վերաբերում է երեւանցու ամենակարեւոր խնդրին` տրանսպորտին, ապա այս երկու կուսակցություններն էլ որոշել են մետրոպոլիտենի կայաններն ընդլայնել: Ընդ որում, ի տարբերություն ՀՅԴ-ի, ԲՀԿ-ն դրա զարգացման ծրագիր է մշակել եւ ինչպես գրված է ծրագրում`ֆինանսական աղբյուր է նախատեսել: Իսկ վերգետնյա տրանսպորտի մասով ԲՀԿ-ն նախատեսել է էլեկտրատրանսպորտի գործունեության ընդլայնում:
Ավագանու ընտրություններում երեւանցու քվեն ստանալու համար ՀՅԴ-ն իր ծրագրում մի շատ գայթակղիչ առաջարկ է արել. «Սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորումը դարձնել քաղաքապետարանի պարտականությունը, կառավարության հետ մշակել եւ ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ` բնակարանային շինարարության ծավալների առնվազն 10 %-ը տրամադրելով այդ ֆոնդին»: Բացի այս, ՀՅԴ-ն կարծես թե մի նորամուծություն էլ է առաջարկում. «Համաքաղաքային նշանակության նպատակային ծրագրերի ֆինանսավորման տարբեր սխեմաների կիրառում` պարտատոմսերի եւ բաժնետոմսերի թողարկման, փոխառությունների ներգրավման և այլ ձևերով»: Դաշնակցությունը որոշել է պայքարել գերեզմանային բիզնեսի դեմ, իր ծրագրում նշել է` կանոնակարգել գերեզմանատների և պանթեոնների գործունեությունը, հիմնովին փոխել այդ ոլորտում տիրող խայտառակ վիճակը»:
ԲՀԿ-ն էլ, ի տարբերություն այլ թեկնածու-կուսակցությունների, ուշադրություն է դարձրել մայրաքաղաքում խարդախ-կառուցապատողներից տուժածներին, այս կուսակցությունն առաջարկում է`«Անբարեխիղճ շինարար-գործարարների կողմից մի բնակարանը մի քանի հոգու վրա վաճառելու պրակտիկան պետք է բացառվի եւ խնդիրն իրավական դաշտում կարգավորելով`գնորդներին վերադարձնել իրենց բնակարանները»:
Այս երկու կուսակցություններին միավորում է ծրագրերում նշված այն դրույթը, ըստ որի՝ 2-ն էլ գտնում են, որ անհրաժեշտ է մայրաքաղաքի բյուջեն թափանցիկ օգտագործել, ծախսերն էլ` նպատակային:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ