Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ուր նշանակվել էր «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը, հետաձգեց: Դատավորից եւ դատական նիստերի քարտուղարից բացի, կողմերից որեւէ մեկը ներկա չէր. դատարան չէին բերվել ամբաստանյալները՝ Գարիկ Մարգարյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Դավիթ Ադամյանը:
Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դահլիճում ներկա լրագրողներին հայտնեց, որ ապրիլի 5-ին գրությամբ դատարանին էր դիմել պաշտպան Միհրան Պողոսյանը եւ խնդրել հետաձգել դատական նիստը, քանի որ անձնական, ընտանեկան խնդիրներից ելնելով՝ մինչեւ ապրիլի 10-ը բացակայելու է հանրապետությունից:
Դատավորը նաեւ հայտնեց, որ հնարավորություն չի ունեցել լրատվամիջոցներին տեղեկացնել այսօրվա նիստը հետաձգելու մասին եւ հայցեց մեր ներողամտությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 13-ին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ