Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը՝ հրաժարական ներկայացրած կառավարության անդամների. «Վստահ եմ, որ ծառայելու եք մինչև ձեր խոր ծերություն»

Ապրիլ 09,2013 16:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Կառավարության հրաժարականի դիմումը Հանրապետության նախագահին ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը մինչ կառավարության հրաժարականի դիմումը ներկայացնելը, շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկրի ղեկավարի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ իր և իր գլխավորած կառավարության, ինչպես և ցանկացած քաղաքական- պետական գործչի համար, մեծ  պատասխանատվություն և երջանկություն է բարձր պաշտոններում ծառայել սեփական ժողովրդին, աշխատել ՀՀ նախագահի հետ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հանրապետության նախագահի քաղաքական ղեկավարության ներքո համատեղ աշխատանքի անցած տարիներին թիմը նվիրումով է աշխատել և փորձել է կատարել Նախագահի կողմից իր առջև դրված բոլոր հանձնարարականները:  «Իհարկե, մենք ունեցել ենք դժվար օրեր, ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլ նաև բացթողումներ և սխալներ: Պարո՛ն Նախագահ, ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է. Ձեր անցած ուղին, Ձեր փորձը և գիտելիքները, Ձեր մարդկային հատկանիշներն այն երաշխիքներն են, որոնք մեզ հույս են ներշնչում, որ մեր պետությունը զարգանալու է, և մենք ունենալու ենք նոր վերելքներ և նոր հաղթանակներ»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել հրաժարական ներկայացրած կառավարության անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ նրանք ակնհայտորեն աշխատել են բարդ պայմաններում, լուծել շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ, դիմագրավել մարտահրավերները, ինչը պատիվ է բերում. «Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք ծառայել եք հայ ժողովրդին և վստահ եմ, որ ծառայելու եք մինչև ձեր խոր ծերություն, որովհետև կոչումը՝ ծառայել, ժամանակավոր չի լինում, որովհետև ծառայել՝ ձեզ համար, բոլորիս համար, նշանակում է ապրել: Շնորհակալ եմ և ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի՝ անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կատարելու է իր առջև դրված խնդիրները, իսկ այդ խնդիրները բազմազան են: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ և հաջողություն եմ մաղթում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930