Այսօր տնտեսագիտական համալսարանի դիմաց դասադուլավորները բախվեցին իրենց սպասող բուհի ուսանողների հետ:
Դասերը բոյկոտող ուսանողները` դասադուլ, բուհի ուսանողները` «հեռացեք» էին գոռում: Հակամարտությունը ավելի ուշ վերածվեց քաշքշուկի:
Բուհի ուսանողներից մեկը քաշքշեց դասադուլավոր, նույն բուհի ուսանողին, երբ վերջինս փորձեց բուհ մտնել:
«Մեր մասնակիցներից մեկը, ով փորձեց մտնել ներս, գլխից հանեցին կարմիր լենտը եւ խփեցին նրան»,- պատմեց դեպքի ականատես դասադուլավորը:
Կարդացեք նաև
Դեպքի վերաբերյալ ակցիայի մասնակիցներից Գոռ Հակոբյանի` «հանցագործության մասին հաղորդմանը» ոստիկանները ուշադրություն չդարձրին:
Ավելի ուշ բուհի ուսանողներից մեկը, բռունցքներով հարձակվեց դասադուլավորների վրա. «Իմացիր` ում հետ ես խոսում, արա»: Միջամտեցին ոստիկանները եւ հանդարտեցրին ուսանողի «կրքերը»:
Հետո ուսանողները միջադեպ ունեցան ոստիկաններից մեկի հետ: «Դուք ինչի՞ համար եք էստեղ: Դուք չեք կանխում այն, ինչ պիտի կանխեք»,- ոստիկանին դիմեց դասադուլավորը:
«Դուք չե՞ք իմանում, ես ինչի համար եմ: էս 2 ամիս է՝ ձեր հետ եմ, դուք չե՞ք իմանում ինչի համար եմ: Իսկ դուք ինչի՞ եք տանում սրացման: Չի’ կարելի»:
Բուհի ուսանողների` «հեռացեք» պահանջով էլ դասադուլավորները հեռացան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ