Այսօր Երեւանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային խորհրդակցությունը:
Ըստ կազմակերպիչների՝ խորհրդակցությունը ԱՊՀ երկրների միջեւ երկաթուղային կապի եւ հաղորդակցման խնդիրների լուծման տեսանկյունից մեծ նշանակություն կունենա:
Aravot.am-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների տնօրինության պետ Եվգենի Մելնիկովից հետաքրքրվեց, թե ինչու է խորհրդակցությունը անցկացվում Երեւանում:
Մեր հարցին ի պատասխան՝ Ե.Մելնիկովը նշեց.
Կարդացեք նաև
«Հարավկովկասյան երկաթուղին համեմատաբար երիտասարդ է, եւ մեզ պետք է, որ ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունները տեսնեն ու գնահատեն մեր ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների գործընթացը»:
Անդրադառնալով հունվար-փետրվար ամիսներին ընկերության բեռնափոխադրումների ծավալի աճին՝ ընկերության բեռնափոխադրումների բաժնի պետի առաջին տեղակալը պարզաբանեց, որ բեռնափոխադրումների ծավալի աճը գլխավորապես կապված է ներհանրապետական բեռնափոխադրումներից, ինչպես նաեւ՝ երկրից պղնձի խտանյութի եւ ցեմենտի արտահանումից:
Հիշեցնենք, որ Երեւանում անցնող խորհրդակցությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի երկաթուղային փոխադրումների վարչությունների ներկայացուցիչները, եւ այն կավարտվի ապրիլի 10-ին:
Աշոտ ԱԹԱՅԱՆ