Այսօր Aravot.am-ը փորձեց որոշ մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից` կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ : Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մասնավորաբար ասել էր. «Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով և այդ մարդկանց պատճառով չպետք է ժողովուրդը տուժի: Իսկ այսօր մեր հասարակության համար անհրաժեշտ է չնչին բան` արդարություն, պայմաններ, մրցակցություն: Երեւանյան փողոցներում բազմապիսի բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք վկայում են, որ ժողովրդի համար այսօր շատ բարդ է ապրել:ԲՀԿ-ն երեւանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք եւ վիրավորողը իմ հետ է գործ ունենալու»:
Պարոն Հարությունյանին ուղղված մեր հարցերը` ինչպե՞ս եք վերաբերվում պարոն Ծառուկյանի այս հայտարարություններին, որոնք, ըստ էության, ուղղված են իշխող քաղաքական ուժին, որի կարկառուն դեմքերից եք նաեւ Դուք, ո՞ւմ նկատի ուներ Ծառուկյանը, երբ ասում էր, որ քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն ունեցել, իրենց պաշտոնին հասել են քծնանքով, այլ ոչ թե աշխատանքով, ո՞վ է պատրաստվում վիրավորանքներ ուղղել ԲՀԿ-ին, մնացին անպատասխան: Դավիթ Հարությունյանը միայն ասաց, որ ոչ այդ, ոչ էլ այլ հարցերի չի ցանկանում պատասխանել: Նա նաեւ խորհուրդ տվեց` հարցերն ուղղել կուսակցության մամուլի խոսնակին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ