«Հավատացեք, համալսարանում այնպիսի մթնոլորտ է, որ ոչ մեկը չի ցանկանում դասադուլին միանալ: Երեխաները մեր ուսխորհրդի շնորհիվ բուֆետից անվճար օգտվում են, փորձում ենք ամեն ինչ անել, որ մետրոպոլիտենից անվճար օգտվեն: Ինչի՞ համար է դասադուլը, որ այսքան ուսանող գան, կանգնեն ու ստիպված լինենք լսել այս կոչերը: Ի՞նչ է նշանակում ամոթ: Ամոթ նրանց, ով որ մտածում է դասի նստած ուսանողը ամոթի պատրվակ է »,- այսօր իրենց բուհին մոտեցած դասադուլավորներից դժգոհեց Ճարտարապետաշինարարական համալսարանից ուսխորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը:
Նրա գլխավորությամբ դասադուլավորների դեմ էին դուրս եկել բուհի տասնյակ ուսանողներ:
Նա չհամաձայնեց, թե իր հետ դուրս եկած ուսանողներն էլ իրենց հերթին են դասադուլ անում, եթե դասաժամի հաշվին բուհից դուրս են եկել. «Մենք չենք հանել: Էս մարդիկ, որոնք ուզում են մնացած ուսանողների շահերը պաշտպանեն, իմ հետ կանգնած են էս պահին էստեղ»:
Պարզաբանումներ արեց նաեւ բուհի ասպիրանտ Հայկ Սարգսյանը. «Դասադուլն էլ է պայքարի միջոց: Մենք չենք պայքարում երեւույթի դեմ: Այստեղ են շահագրգիռ ուսանողները, որոնք ուզում են սովորել: Խնդրեմ, ով ուզում է թող միանա: Սա էլ մեր պայքարի միջոցն է երեւույթի դեմ, բայց ոչ երբեք անհատի կամ շարժման»:
Կարդացեք նաև
Ուսանողական խորհրդի նախագահն էլ շարունակեց. «Մենք չենք ուզում դասադուլ անել: Մենք պաշտպանում ենք այն ուսանողների շահերը, որոնք հենց հիմա դասի են նստած եւ էս գոռում-գոչյունների տակ չեն կարողանում դաս անել»:
Հարցին` ինչպես եք պաշտպանում նրանց շահերն, այստեղ կանգնելո՞վ , ասպիրանտ Հայկ Սարգսյանը կրկնեց. «Բուֆետի գներով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ