Երկու տարի առաջ կազմավորվեց «Քնար» երաժշտասերների միություն հասարակական կազմակերպությունը: Այն շարունակում է համերգներ կազմակերպել, որտեղ միայն հնչում է մաքուր, անաղարտ երաժշտությունը: Օրերս նմանատիպ համերգ տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որտեղ իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները:
Ասմունքող Ժասմեն Գրիգորյանն ասաց. «Քանի որ մեր երեկոն այսօր տոնական է, կաշխատենք ավելի մեղմ խոսել այն աղետի մասին, որ ներխուժում է մեր բնակավայրը: Նորից երգի մասին, նորից մեղեդու ապականման մասին: Անընդհատ խոսում-խոսում են, բայց, կարծես թե, միեւնույն է՝ սայլը տեղից չի շարժվում: Բայց վերջերս մի քիչ կարծես թե երեւում է՝ եթերը նոր հետաքրքիր հաղորդաշարերով սկսում է մեզ ոգեւորել, հուսադրել, որ կգա մի օր՝ բարձրարվեստ երգ կլսենք, առանց խառնուրդի, առանց արաբական ելեւէջների: Ինչո՞ւ են կլկլացնում կոնսերվատորիան ավարտած մեր երգիչները՝ այդպես էլ չհասկացանք: Ասում են, որ մեզ ֆինանսավորում են եւ այսպես են պահանջում, բայց դա, կարծում եմ, սխալ պատասխան է: Յուրի Ղազարյանը հիմնադրեց «Քնար» երաժշտասերների միությունը հենց այդ նպատակով, որ մենք՝ եթե Կոմիտաս է՝ Կոմիտաս լսենք, եթե Սայաթ-Նովա է՝ ուրեմն Սայաթ-Նովա լսենք: Այսօր մենք ունենք երիտասարդ, առողջ մի սերունդ, որն իսկապես կփոխի մեր երգարվեստը: Իսկ մեր երգարվեստը ժողովրդի համար անվտանգության ապահովությունն է: Նախկին դատախազ Յուրի Ղազարյանը պայքարեց իր ողջ կյանքում, որ մենք արդարադատություն ունենանք: Բայց համոզվեց, որ առանց լավ երգի, ոչ մի արդարադատություն էլ երբեք չի իրականանա: Այնպես որ, մաքրենք եթերը աղբից, հետո խոսենք իրավաբանական, իրավական մեր դաշտի ապականումից»: «Քնար» երաժշտասերների միության նախագահ Յուրի Ղազարյանն էլ հավելեց. «Մեր կազմակերպության ստեղծման իմաստն ու նպատակն այն է, որ իր նմանատիպ միջոցառումներով օգնի մեր երաժշտասերներին՝ մաքուր, գեղեցիկ, անաղարտ երգերը մատուցել մեր հանդիսատեսին: Ինչ-որ եթերով, ռադիոյով կամ ռեստորաններում լսում ենք, թե ինչ է կատարվում, ինչ են մատուցում, ուղղակի դա, մեղմ ասած, ահավոր է, ձանձրալի, ոչ ազգային: Ամեն առումով դրանք ոչ մի խնդիր չեն լուծում: Հասարակությանը պետք է մաքուր, անաղարտ երաժշտություն, ոնց որ կա: Հայտնի բան է՝ գեղեցիկ երաժշտությունը ստեղծում է կարգին, լավ հասարակություն, իսկ հակառակը՝ վատ հասարակություն»:
ԱՐՄԻՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ