Կարկամած ճերմակ թղթի առաջ՝ կոկորդդ սեղմված, աչքերդ՝ պղտորված, մատներդ՝ անշարժ, սիրտդ՝ կոտրված… Եկ ու մահախոսական գրիր ընկերոջդ մասին, երբ դեռ երեկ, հանկարծահաս օրվա առավոտյան գնումներ էր անում, նոտաների պատճեններ ուղարկում օվկիանոսից անդին կատարվելու համար, խմբագրում վերջին ստեղծագործությունը՝ Լարային Կվարտետը՝ գրված Ռուբեն Ահարոնյանի պատվերով Էդուարդ Միրզոյանի հիշատակին, իր յուրահատուկ հումորն էր շաղ տալիս աջ ու ահյակ…
Գիտեինք, որ մանավանդ վերջին ամիսներին՝ ահավոր ցավերի եւ տանջանքների մեջ էր, խուսափում էր բժիշկներից ու հատկապես վախենում վիրահատվելուց: Պարզապես դադարել էր հավատալ նրանց, որոնցից քանիսների մոտ էր եղել՝ առանց դարմանումի, ուստի եւ հուսահատվել:
Եվ մահը հայտնվեց հենց այն պահին, երբ ոչ ոք չէր կարող գուշակել այն:
Կտրվեց կյանքի արդեն բարակած թելը՝ հայ տաղանդավոր կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Սարգսյանի: Ժամանակակից հայ երաժշտության պատմության մեջ նա կգրավի իր արժանի տեղը, որպես Նոր երաժշտության ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը: Դեռեւս ուսանողական տարիներին աչքի ընկնելով սիմֆոնիկ նվագախմբի համար գրած Կոնցերտով, Ռուբենը իր հաստատուն ու մնայուն տեղը գրավեց եւ ահավասիկ, ավելի քան 40 տարի վարելով կոմպոզիտորի անխոնջ ու դժվարին իր ամենօրյա աշխատանքը, միշտ մնաց իսկական ստեղծագործողի եւ մտավորականի առաջին շարքերում, պատնեշի վրա: Ստեղծագործեց բազմաթիվ ժանրերում. ռոք-բալետից մինչեւ սիմֆոնիաներ եւ կոնցերտներ, նվագախմբային, անսամբլային, գործիքային բազմապիսի ստեղծագործություններ՝ չմոռանալով նաեւ մանուկներին:
Կարդացեք նաև
2007թ.՝ «Այն, ինչ մնաց», «Տէր Զոր վերապրածի խոստովանանքը», «Ի շրջանս իւր» եւ «Պատարագ ուրվականի համար» ստեղծագործությունների համար Ռ. Սարգսյանը արժանացավ ՀՀ պետական մրցանակի: Պրոֆեսոր Ռուբեն Սարգսյանը Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ էր 1973թ.-ից: Միաժամանակ, նա հանդիսանում էր Հայկական Երաժշտական Համաժողովի հիմնադիր անդամ (1994թ.): Իրավ մտավորական, ազնվագույն ու պարկեշտ քաղաքացու տիպար, կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանի անժամանակ մահը մեծ կորուստ է մեր երաժշտական մշակույթի համար: Մենք
դեռ երկար, շատ երկար ժամանակ ենք զգալու նրա գրաված տեղի պարապը, որ թերեւս ոչնչով հնարավոր չի լինի լրացնել: Սակայն նրա ստեղծագործությունները, որպես իր կյանքի եւ ժամանակի հավաստի վկայություններ, խորապես ապրված գեղարվեստական իրականություն եւ արժեք, կդառնան ապագա սերունդների համար կյանքի եւ ստեղծագործության թանկագին ուղեցույց, որպես երաժշտական արվեստին անմնացորդ նվիրումի փայլուն հուշարձան: Գնաս բարով, համեստության տիպար, սիրելի ընկեր…
ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆ
կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի
Վաստակավոր գործիչ
«Առավոտ» օրաթերթ