Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է ամենամասշտաբային մրցույթ-փառատոնը

Ապրիլ 09,2013 14:44

Գյումրիում ապրիլի 9-20-ը կանցկացվի  «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը: Կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը: Բացման արարողությունը կկայանա ապրիլի 10-ին, Գյումրիի դրամատիկական թատրոնում, իսկ մրցանակաբաշխությունն ու գալա համերգը՝ ապրիլի 18-ին:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն ասաց, որ մրցույթները կանցկացվեն Գյումրիում՝ ապրիլի 11-ից, նշելով, թե  միջոցառումը տեղի է ունենում «Գյումրին՝ ԱՊՀ երկրների  մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Տնօրենը «թվային համեմատություն» անցկացրեց կայանալիք մրցույթ-փառատոնը նախորդ տարի անցկացվածի հետ, հայտնելով. «2012թ. միջոցառմանը 25 երկրից  մասնակցել է 1365 երաժիշտ, որոնք մրցել են 9 անվանակարգում ներառված 42 ենթաանվանակարգում, այս տարի մրցույթ-փառատոնի կազմկոմիտեին ներկայացված հայտերը ստացված են 30 երկրից՝ ընդգրկելով 2415 երաժիշտ: 5 տարիքային խմբերի ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, ամենամեծը՝ 51: Անվանակարգերում (դաշնամուր, լարային, փողային, ժողովրդական գործիքներ, ակադեմիական, ազգային, էստրադային երգեցողություն եւ այլն) 13 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի, իսկ  ենթաանվանակարգերի հաղթողները՝ մեդալների ու դիպլոմների: Սահմանված են նաեւ հատուկ մրցանակներ ճանաչված երաժիշտների՝ Էդվարդ Միրզոյանի, Ժան Տեր-Մերկերյանի,  Աբգար Մուրադյանի, Սամվել Աղամյանի եւ Ֆլորա Մարտիրոսյանի անուններով»: Ժյուրիների կազմերի առիթով էլ տիկին Ավդալյանն ասաց. «Նախորդ մրցույթների օրինակով ժյուրիները նախագահներ չեն ունենա, իսկ տարբեր ժյուրիներում կաշխատեն 6-11 ճանաչված երաժիշտներ: Ի թիվս Սանկտ Պետերբուրգի, Ղրղըզստանի պետական կոնսերվատորիաների, Բուլղարիայի երաժշտության, պարի եւ գեղանկարչության ակադեմիայի ռեկտորների, ռուսաստանյան «Կուլտուրա» TV-ի մենեջերի եւ մյուսների, ունենք  նաեւ պատվավոր հյուրեր»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ «Վերածննդի» շրջանակներում ապրիլի 15-17-ը տեղի կունենա «Մշակույթների երկխոսություն» միջազգային 7-րդ գիտաժողովը, շեշտելով, որ դեռ շարունակվում են հայտերի ստացումը, սակայն այս պահին ունեն շուրջ 60 գիտական հաղորդում, որոնցից 13-ը արտերկրի ներկայացուցիչների հայտեր են: Ռեպլիկին, թե համացանցում կան շատ հետաքրքիր մասնագիտական հրապարակումներ, տիկին Ավդալյանն ասաց. «Իհարկե կան, բայց այս գիտաժողովը փոխադարձ շփման լայն հնարավորություն է տալիս, երբ հեղինակն անձամբ է ներկա եւ շփումների ընթացքում սովորաբար ձեռք ենք բերում ոչ միայն  բարեկամության, այլ նաեւ ստեղծագործական կապեր»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մրցույթ-փառատոնի օրերին Գյումրիում եւ Երեւանում կայանալիք  համերգների նպատակով Երեւան են ժամանել 15 հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ դաշնակահարներ Միխայիլ Արկադեւը, Յուրա Մարգուլիսը (Ռուսաստան), ԱՄՆ-ից Վահրամ Սարաջյանը, Իտալիայից Մարկո Մինան (կիթառ), Սոնիգ Չակերիան (ջութակ), Ավստրիայից թավջութակահար Վիկտոր Միլոսերդովը եւ այլն, որոնք կվարեն նաեւ վարպետության դասընթացներ:  Համերգներին կմասնակցեն հայաստանցի երաժիշտները եւս: Նախորդ տարիների օրինակով պլանավորված են նաեւ այցելություններ՝ թանգարաններ, ցուցասրահներ, պատմամշակութային վայրեր:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930