Սպառնալիքի տպավորություն թողնող նախազգուշացումներն անարդարությունների դեմ պայքարելու լավագույն ձեւը չեն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը. այս մասին երեկ հայտնել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը` տեղեկացնելով, որ ԲՀԿ նախագահը արտերկիր է մեկնել:
Սա թերեւս ուշագրավ քայլ է մի կուսակցության առաջնորդի կողմից, որը դեռ մինչեւ նախագահական ընտրությունները իր շուրջը որոշակի քաղաքական հետաքրքրություն էր ձեւավորել, նախագահական ընտրություններում նրա մասնակցության, անգամ նրա շուրջը համախմբվելու հնարավորություններն էին քննարկվում։ Սակայն Ծառուկյանը չմասնակցեց նախագահական ընտրություններին, դրա պատճառների մասին նա առայժմ լռում է: Նախագահական ընտրություններից հետո Ծառուկյանը չշնորհավորեց Սերժ Սարգսյանին, իսկ այսօր նախընտրեց չմասնակցել նրա երդմնակալության արարողությանը:
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին իսկ օրը «Մոսկվա» կինոթատրոնում Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ուշագրավ հայտարարություններով էր հանդես եկել եւ մասնավորապես նշել էր. «Եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք, եւ վիրավորողը իմ հետ է գործ ունենալու»:
Կարդացեք նաև
Փաստացի, կարելի է ասել, որ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում ընդդիմադիր դերակատարի տիտղոսը վերանվաճելու գործին է լծվել: Իհարկե, փոքր-ինչ անհասկանալի է, թե ԲՀԿ առաջնորդը ի՞նչ նկատի ունի, երբ զգուշացնում է, որ՝ «եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք, եւ վիրավորողը իմ հետ է գործ ունենալու»: Անշուշտ, Հայաստանը չենք կարող համարել լիարժեք իրավական պետություն, որտեղ ցանկացած օրինախախտում կամ հանցագործություն ըստ արժանվույն հետաքննվում է, իսկ մեղավորները՝ պատժվում: Սակայն համաձայնեք, որ Գ. Ծառուկյանի՝ սպառնալիքի տպավորություն թողնող նախազգուշացումներն անարդարությունների դեմ պայքարելու լավագույն ձեւը չեն: Ի դեպ, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Ծառուկյանի նշյալ գնահատականներին՝ նշել է, որ հայտարարություններն ուղղված են եղել ԲՀԿ-ի դեմ «անպարկեշտ հակաքարոզչություն» իրականացնողներին:
Եթե Ծառուկյանի խոսքն ուղղված է իշխող կուսակցությանը, ապա այս դեպքում ինչո՞վ են ԲՀԿ-ականները տարբերվելու ՀՀԿ-ականներից, ովքեր ընտրություններին, օրինակ, պատրաստվում են ընտրակաշառք բաժանել, տեղամասերում ահաբեկել կամ ազդել ընտրողի կամքի վրա: Լավ կլիներ, որ «ԲՀԿ-ականներին վիրավորողները» ոչ թե Ծառուկյանի հետ «գործ ունենային», այլ առհասարակ ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանվեին ոչ միայն իրավապահների կողմից, այլեւ քաղաքական ուժերի կողմից, եւ քաղաքական ուժերը իշխանություններին ուղղված իրենց գնահատականներում ու պահանջներում ավելի հստակ լինեին ու շիտակ: Այլ կերպ ասած՝ իրերն իրենց անունով կոչեին: Հայաստանի համար քիչ թե շատ կարեւոր իրադարձությունների օրերին Հայաստանից բացակայելու եւ արտերկիր մեկնելու հետ մեկտեղ, թերեւս, ավելի դյուրին կլիներ, եթե քաղաքական ուժը պարզաբաներ, օրինակ, թե ինչու է այս կամ այն քայլին դիմում:
ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ելույթ ունենալով Երեւանի ավագանու ընտրությունների ընտրարշավի մեկնարկային հավաքին՝ երկրում քաղաքական մենաշնորհը եւ ամենաթողությունը վերացնելու հնարավորությունը համարել է Երեւանի ավագանու ընտրությունները: «Երկիրը ճակատագրական ջրբաժանի առաջ է՝ ոչ թե գոյության կամ չգոյության, այլ ճահճում մնալու կամ դրանից դուրս գալու առումով: Այսօր պատասխանատվություն վերցնելու ժամանակն է, եւ այստեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ առաքելություն ունի: Այն Հայաստանի քաղաքական դաշտի առանցքային բեւեռներից է եւ իր գաղափարական, ծրագրային, կադրային ու կազմակերպչական ներուժով շարունակելու է իսկական այլընտրանք մնալ գործող իշխանությանը»,- նշել է Օսկանյանը:
Օսկանյանի գնահատականները, ի համեմատություն ԲՀԿ ղեկավարի, իհարկե, ավելի կոնկրետ են: Սակայն նրա դեպքում էլ, թերեւս, հարց է ծագում, թե որքանով են դրանք անկեղծ: Տասը տարի Օսկանյանը եղել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ զինակիցը, եւ նրա տասնամյա իշխանավարության ընթացքում արտաքին քաղաքական մարտահրավերներից բացի՝ եղել են բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց լուծմանն Օսկանյանը կարող էր միջամտել ի պաշտոնե:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
ՀՀԿ-ի դուստր բիզնես ԲՀԿ-ն: Ամեն ընտրությունից առաջ նույն/նույնաոճ թատրոնը: