Ապրիլի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է նույն մարզի Լճկաձոր գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սարգիս Բեջանյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 10-ին Պտղավան գյուղի տարածքում գտնվող բենզալցակայանի մոտից ապօրինաբար, առանց հափշտակելու նպատակի, առեւանգել է Գ. Ասատրյանին պատկանող «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան, վարել այն եւ մեքենան թողնելով Լուսաձոր գյուղի տարածքում՝ ետ է վերադարձել:
Մեկ ամիս անց՝ 2012թ. նոյեմբերի 10-ին նա դանակով կտրել է իրենց տանը կից հողամասում հայտնված Արայիկ Միրզոյանին պատկանող հորթի գլուխը, սպանել կենդանուն, որի հետեւանքով անասնատիրոջը պատճառել է 150 հազար դրամի վնաս:
Ս. Բեջանյանը 2012թ. նոյեմբերի 21-ին կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի Արարատ Միրզոյանի հետ, որի ժամանակ դանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա ձախ այտի եւ ձախ նախաբազկի շրջաններում, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս:
Ս. Բեջանյանը կալանավորված է, նա նախկինում դատված չէ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»), 183 հոդվածի 1-ին մասով («Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի»), 185 հոդվածի 1-ին մասով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»):
Կարդացեք նաև
Բացի վերը նշված դեպքից, Ս. Բեջանյանը մի քանի անգամ ավտոմեքենա է առեւանգել, վարել դրանք, մինչեւ դրանց վառելիքը հատել է: Տրանսպորտային այդ միջոցների տերերը բողոք չեն ներկայացրել:
Սարգիս Բեջանյանի գործով նշանակված համալիր դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նա հոգեպես առողջ է, մեղսունակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ