Լույս է տեսել «Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումները» գիրքը
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում արվեստաբան Շուշան Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրեց իր հեղինակած «Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումները» գիրքը, որը տպագրվել է հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում` ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:
Գրքում ամփոփված են հայտնի հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցի` գրքի գրաֆիկային առնչվող ստեղծագործությունները` գրքային նկարազարդումները:
«Գիրքը ոչ թե Սուրենյանցի արվեստի նկարագրական աշխատություն է, այլ համեմատական վերլուծությունների ամբողջություն: Գրքի նորույթը կայանում է նրանում, որ ամփոփում է Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության անհայտ էջերը: Ընդհանուր առմամբ` Սուրենյանցի նկարազարդումների թիվն անցնում է 100-ից»,- ասաց Շուշան Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ սուրենյանցագետ միայն ինքը չէ, իսկ Սուրենյանցին նվիրված աշխատություններ նախկինում էլ հրատարակվել են` գեղանկարների եւ գրաֆիկական գործերի մասին:
Սուրենյանցի նկարազարդումներից ընդգծելով «Թմկաբերդի առումը» պոեմի նկարազարդումները` հեղինակն ասաց, որ նկարչից հետո պոեմը նկարազարդողներ եղել են, օրինակ` Էդուարդ Իսաբեկյանը, սակայն գրքում զետեղված երկու նկարազարդ էջերը առաջին անգամ են ցուցադրվում եւ պահվում են Երևանում` մասնավոր հավաքածուում:
«1906թ-ից սկսած` Սուրենյանցը հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդման վրա աշխատել է շուրջ 10 տարի, նկարազարդել է նաեւ հայ, ռուս եւ եվրոպացի հեղինակների մի շարք գրքեր: Իսկ Թումանյանի գործերից նկարազարդել է նաեւ «Գառնիկ ախպերը», «Մոխրոտը» հեքիաթները»,- հայտնեց Շուշան Զոհրաբյանը: Նրա խոսքով. «Սուրենյանցը թերեւս առաջինն էր, ով հայ կերպարվեստում անդրադարձավ գրքի գրաֆիկային: Արդյունավետ է եղել նաեւ նրա աշխատանքը մամուլում»:
Հավելենք, որ Շուշան Զոհրաբյանը Սուրենյանցի մասին բազմաթիվ հոդվածներ եւ ուսումնասիրություններ է հրապարակել:
«Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումները» գրքի շնորհանդեսը կկազմակերպվի առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ