Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր գործող կառավարությունը հրաժարական կտա։ Բայց այն կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Թեպետ դրա համար նախատեսված է մեկ ամիս ժամանակ, այնուհանդերձ պետք է սպասել, որ գործադիր իշխանությունն ավելի շուտ կձեւավորվի։ Մանավանդ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն սպասվում։
Գործող կառավարությունը ձեւավորվել է ընդամենը մի քանի ամիս առաջ՝ խորհրդարանական ընտրություններից հետո՝ մայիսին։ Սա նշանակում է, որ այն նույնիսկ մեկ տարի չի հասցրել աշխատել այս կազմով։ Չնայած ինչպես վարչապետը, այնպես էլ կառավարության բազմաթիվ անդամներ պաշտոնավարել են նաեւ նախորդ կառավարության կազմում։
Սա Տ.Սարգսյանի գլխավորած երկրորդ կոալիցիոն կառավարությունն է։ Եթե առաջինում ներկայացված էին երեք քաղաքական ուժեր, ապա երկրորդում դրանց թիվը մեկով պակասեց։ Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց շարունակել կոալիցիոն գործունեությունը։ Դրանից հետո կոալիցիոն կառավարության կազմում մնացին ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը»։
Տ.Սարգսյանի գլխավորած առաջին կառավարության աշխատանքը դժվար է դրական համարել։ Միայն այն, որ այդ շրջանում Հայաստանում կտրուկ սրվեց սոցիալական լարվածությունը, իսկ համախառն ներքին արդյունքը չորս տարվա ընթացքում նույնիսկ նվազեց, բավական է կառավարության գործունեությանը բացասական գնահատական տալու համար։
Սոցիալական լարվածության թուլացման առումով, ըստ էության, շատ բան չփոխվեց նաեւ երկրորդ կառավարության գործունեության ընթացքում, չնայած պաշտոնական տվյալներով տնտեսությունը բավական բարձր աճ արձանագրեց։ Այն պահպանվում է նաեւ այս տարվա ընթացքում։ Դա էլ դարձել է այն հիմնական երաշխիքը, որ գործող կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի։
Ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնում եւս մեկ անգամ կվերանշանակվի Տ.Սարգսյանը։ Չի բացառվում, որ դա տեղի ունենա այսօր կամ վաղը։
Եթե մի պահ շոշափվում էր վարչապետի նաեւ այլ թեկնածուների անուններ, ապա վերջին շրջանում այդ խոսակցություններն ընդհանրապես դադարել են։ Առավել եւս, այն բանից հետո, երբ հանրապետության նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ դրվատանքով խոսեց կառավարության գործունեության մասին.
-2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7,2 տոկոս, այն դեպքում, երբ Եվրամիության տնտեսությունը աճել է 0,2 տոկոսով, իսկ մասնագետների գնահատմամբ, համաշխարհային տնտեսությունն աճել է 3,5 տոկոսով, միգուցեեւ պակաս։ Ես չեմ ասում, որ 7,2 տոկոսը շատ մեծ ձեռքբերում է, բայց մի անգամ էլ պետք է կրկնեմ, որ ամեն ինչին պետք է նայենք համեմատության մեջ։ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձի աճը գերազանցել է գնաճին։
Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը եւ ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք։ Մարդիկ դրված խնդիրը կատարել են։ Հազարավոր թերություններ կան, բացթողումներ կան։ Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ նոր մարդիկ ավելի լավ կանեն դա։
Դատելով նախագահի այս հայտարարությունից՝ կարելի է ենթադրել, որ վարչապետը կվերանշանակվի։ Պատահական չէ, որ վերջին շրջանում Տ.Սարգսյանը նկատելիորեն ակտիվացրել է գործունեությունը։ Այցելում է տարբեր գործարաններ, մասնակցում է մարզային սոցիալական ծառայությունների ենթակառուցվածքների բացմանը, կտրուկ հայտարարություններ է անում տնտեսական քաղաքականության վերաբերյալ։
Մասնավորապես անցած շաբաթ Մասիսում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ Տ.Սարգսյանը բարձրացրեց չաշխատող գործարանների հարցը։ Վարչապետն ուղղակիորեն հայտարարեց, որ պետք է փոխել նման գույքի սեփականատերերին՝ կիրառելով օրենսդրական պարտադրանքի որոշակի ձեւեր։
Խոսքը մասնավորապես գույքահարկի մասին է։ Վարչապետի կարծիքով, չաշխատող ձեռնարկությունների գույքահարկը պետք է կրկնապատկել։ Ավելին՝ Տ.Սարգսյանը խոստացել է առաջիկայում խստացնել չաշխատող գործարանների հետ կապված հարաբերությունները, որպեսզի սեփականատերերը դրանք աշխատեցնեն կամ վաճառեն։
Այս մոտեցումը վարչապետն արտահայտել է ապրիլի 5-ին։ Այն ժամանակ, երբ նրան մնացել էր իր պաշտոնում աշխատելու ընդամենը 4 օր ժամանակ։ Եթե Տ.Սարգսյանը կասկածներ ունենար, որ նոր կառավարությունն այլեւս ինքը չի գլխավորելու, ապա հազիվ թե նման կտրուկ հայտարարություններ աներ։
Ըստ էության, էական կադրային վերանայումներ չեն սպասվում նաեւ կառավարության կազմում։ Այնուհանդերձ մեկ-երկու նախարարներ կփոխվեն։ Ընդ որում, նաեւ սեփական ցանկությամբ։ Կլինեն կառուցվածքային փոփոխություններ։
Մասնավորապես նախատեսվում է երկրորդ փոխվարչապետի ինստիտուտի ներմուծումը։ Մինչ այժմ Հայաստանի կառավարություններն ունեցել են ընդամենը մեկ փոխվարչապետ։ Երկրորդ փոխվարչապետի հայտնվելը բնականաբար ենթադրում է նաեւ որոշակի կառուցվածքային վերադասավորումներ։ Սպասվում է, որ նա կհամակարգի տնտեսական եւ ֆինանսական ոլորտները, հատկապես ֆինանսների նախարարության եւ հարկային պետական ծառայության գործունեությունը։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»