Եվ այսպես՝ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի բառապաշարով ասած՝ հետընտրական փուլի ամենակարեւոր հանգրվանն է. նախագահի պաշտոնի ստանձնման՝ երդմնակալության օրը։ Իհարկե՝ այն իրավիճակը, որն այսօր առկա է, նկատելիորեն տարբերվում է 2008թ.-ից, երբ մարտի 1-ից ընդամենը օրեր անց Սերժ Սարգսյանը ստիպված եղավ երդվել փշալարապատ Օպերայի շենքում։ Սակայն, այդուամենայնիվ, Ս. Սարգսյանի այսօրվա երդմնակալությունն էլ անխոչընդոտ չի անցնելու։
Ր. Հովհաննիսյանի «այլընտրանքային» երդմնակալությունը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ քայլ է՝ այդտեղից բխող քաղաքական եւ բարոյական հետեւանքներով։ Իսկ որ այդ հետեւանքները, հատկապես վերջինը, կարող են բավականին թանկ նստել Սարգսյանի ապագա պաշտոնավարման ընթացքի եւ որակի վրա, կասկածից դուրս է։ Բայց մինչ այդ իշխանությունը դեռ պետք է կարողանա այսօրվա օրն անցկացնել խաղաղ, առանց միջադեպերի ու բախումների։
Թեեւ Ր. Հովհաննիսյանի հետընտրական պայքարի այս մեկուկես ամիսը հիմնականում ընթացել է հանդուրժողականության մթնոլորտում, եւ հանրությունն ականատես է եղել անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող երկխոսության՝ Ազատության հրապարակում հանրահավաք անող ընդդիմության առաջնորդի եւ ոստիկանության ղեկավարի միջեւ, որի հետ Հովհաննիսյանը բանակցում էր՝ «զորավար» դիմելաձեւով, այդուհանդերձ, դատելով Հովհաննիսյանի կողմնակիցների երեկվա հայտարարություններից, կարծես թե այսօր նրանք լինելու են վճռական, քան երբեւէ։
… Հենց այսօր կերեւա, թե որքանով է իշխանությունն իրականում հանդուրժող եւ որքանով է Րաֆֆի Հովհաննիսյանն օրինապաշտ։ Ոչ թե խոսքով այլ՝ գործով։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»