Այսօր կարեւոր օր է Հայաստանում։ Տեղի է ունենալու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների երկու արձանագրում։ Դրանցից մեկով արձանագրվելու եւ հաստատվելու է կեղծիքը, երկրորդով՝ իրականությունը։ Կեղծիքն այն է, որ Սերժ Սարգպանը 2013 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է, ինչը կարձանագրվի այսօրԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդման արարողությամբ։ Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պարտվել է ընտրություններում, իսկ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը կարձանագրվի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությամբ։ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կկայանա փակ դահլիճում, ոստիկանության ուժերի խստացված վերահսկողությամբ, արտասահմանից հրավիրված ոչ բարձրաստիճան հյուրերի, եւ կեղծիքին, ստին եւ անօրինականությանը նվիրված հայաստանյան «բարձր հասարակության» առաջ։ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը կկայանա Հայաստանում կեղծիքն ու սուտը մերժող, դրա դեմ ընդվզող բազմահազար մարդկանց առաջ։
Ինչ կբերի այս օրը իր հետ Հայաստանի եւ նրա ապագայի համար՝ իսկապես անկանխատեսելի է։ Բայց միայն այն, որ Սերժ Սարգսյանի առաջին երդմնակալությունից հինգ տարի անց, այն էլ «Մարտի 1»-ի ողբերգություն տեսած ՀՀ քաղաքացին նրան չներեց ոչինչ, ամուր կանգնեց կեղծիքի ու ստի առաջ, արդեն հրաշալի է՝ Հայաստանի ապագայի, մեր երկրում ազատության եւ օրինականության հաստատման լուրջ երաշխիք։ Հայաստանի բոլոր ազատ, անվախ, իրենց երկրի եւ երեխաների ապագայով մտահոգ քաղաքացիները այսօր կլինեն Ազատության հրապարակում։
Իսկ բոլոր խոսակցությունները, թե՝ հետո ինչ է լինելու, տվյալ դեպքում երկրորդական են, կարեւորը ոչ թե հետոն է, այլ այս Օրը։ Հետոն կախված է այս Օրվանից, այն բանից, թե որ երդմնակալությունն ավելի հզոր կլինի։ Կհաղթի՞ կեղծիքի երդմնակալությունը, հետոն ապահովված կլինի կեղծիքով, ստով, անօրինականությամբ, դարդուցավով, արտագաղթով։ Կհաղթի այս ամենը մերժող Քաղաքացին, եւ հետոն ապահովված կլինի նոր հեռանկարներով, երկիրը ի վերջո կթոթափի արատավոր այդ երեւույթները եւ ՀՀ քաղաքացին ի վեքջո իր իշխանությունը կհաստատի սեփական երկրում։
«Հայկական ժամանակ»