Հատված Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի հետ հարցազրույցից
– Պարոն Բարսեղյան, Ձեր կարծիքով, ի՞նչ տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը հասարակությանը։
– Չեմ կարծում, թե Ր. Հովհաննիսյանի հացադուլը որեւէ բան տվեց, անգամ բոլոր հեղափոխականները եւ «Ժառանգության» առաջնորդի մերձավորները դեմ էին այդ հացադուլին, քանի որ այս իշխանության վրա դրանով ազդել հնարավոր չէ, եւ այդ հացադուլը խոշոր հաշվով որեւէ բան չտվեց ոչ այս հասարակությանը, ոչ այս շարժմանը։ Ես ինքս սատարում եմ շարժմանն իմ անձնական մասնակցությամբ, լուսանկարներով, իրազեկումով, հանրային քարոզչությամբ եւ գտնում եմ, որ հարկավոր է սատարել բոլոր այն շարժումներին, որոնք բերում են Հայաստանին ազատականացում, թուլացնում են Հայաստանը զավթած ռեժիմի հիմքերը։ Եթե, իհարկե, գործարքային կամ կեղծավոր շարժումներ չեն։ Հիմա կան խոսակցություններ, որ Ր. Հովհաննիսյանը ծախված է, դիտմամբ են դրել, որ երկրորդ տեղն ընկնի ու անմիջապես շնորհավորի Սերժ Սարգսյանին։ Հիմա էդ զառանցանքը խոսողները չեն ելնում, որ ասեն, թե՝ տղեք, սխալվել ենք, կներեք։ Էդպես կարելի է դավադրության տեսությամբ ամեն ինչում կասկածել։ Ես վստահ եմ, որ սա ծախու շարժում չէ, եւ Րաֆֆու բոլոր մարտավարական եւ ռազմավարական սխալները, որոնք բազմաթիվ են, ես կապում եմ իր անփորձության եւ պոետական հոգեկերտվածքի հետ։ Ես չեմ կապում ինչ-որ դիտավորությունների, առուծախի, պաշտոնների ակնկալիքի հետ։
Կարդացեք նաև
– Ձեր կարծիքով, ի՞նչ իրավիճակ կստեղծվի ապրիլի 9-ի զույգ երդմնակալության արարողություններից հետո։ Արդյո՞ք երկիշխանության նման մի բան կստեղծվի։
– Երկիշխանություն չի լինի, բայց կխորանա հեռացումը, օտարումը Հայաստանի իշխող կլանի եւ իր խմբի՝ մանկլավիկների մի թիմի ու մնացած հանրության միջեւ էդ անջրպետն իրոք կխորանա, քանի որ ինձ համար բացարձակ ակնհայտ է, որ քվեների ճնշող առավելությամբ հաղթել է Ր. Հովհաննիսյանը, եւ իրականում հասարակական տրամադրությունները կեսից ավելիով եղել են Ր. Հովհաննիսյանի օգտին։ Սա նշանակում է, որ Հայաստանում տրամադրություններն էլ ավելի են զարգանալու իշխող ռեժիմի դեմ։ Ապրիլի 9-ին Ս. Սարգսյանի կեղծ երդումից հետո իշխանությունը բարոյական զորություն չի ունենալու հասարակության հետ ուղիղ շփվելու, փակվելու է իր մեջ։ Հիմա հասարակական շատ ավելի լայն զանգվածներ են ներգրավված իշխանության դեմ տրամադրություններում։ Ես չեմ ուզում ասել, որ նրանք բոլորն Ազատության հրապարակում են, բայց տրամադրություններն ու քվեները խոսում են այդ մասին։ էդ հակասությունները երկար են տեւելու, սակայն չեմ կարծում, որ Ս. Սարգսյանը մինչեւ հոգու խորքը դրանից ազատվելու եւ վիրավորվելու է, ասելով՝ լավ, թե չեք ուզում, ես ձեզ չեմ կառավարի ու թողնի գնա տուն։ Մեզ սպասվում է հասարակական, տեւական, դիրքային պատերազմ։
Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»