Այս պահին դասադուլավորները գնում են դեպի Ազատության հրապարակ: Նրանք ճանապարհին քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց՝ Ազատության հրապարակում մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը: Դասադուլավորները այս ընթացքում շրջեցին Ճարտարագիտական պետական համալսարանի, Բժշկական համալսարանի եւ Ագրարային համալսարանների տարածքներով: Ագրարայինի մոտ այս անգամ էլ, ինչպես նախորդ դասադուլներին, բուհի ուսանողները՝ բուհի ղեկավարների գլխավորությամբ շարվել էին համալսարանի դիմաց՝ պայքարելու դասադուլավորների դեմ: Սակայն դասադուլավորները դա նկատելով, բուհը շրջանցեցին եւ հեգնեցին՝ «ողջունում ենք ազատ, անկախ ուսանողին»:
Դասադուլավորներին ուսխորհրդի ղեկավարների գլխավորությամբ դիմավորեցին Ճարտարագիտական համալսարանի ուսանողները, կոչ արեցին դասադուլավորներին հեռանալ: Նրանք դասուլավորներին վստահեցրեցին, որ իրենց բուհից ոչ մի ուսանող չի ուզում միանալ եւ չեն ուզում, որ դասադուլավորները խանգարեն իրենց դասը: Բժշկական համասլարանի որոշ ուսանողներ Aravot.am-ին պատմեցին, որ իրենց չեն թողնում միանալ դասադուլավորներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ առաջիկայում