Երեկ Չաննայում մամուլի ասուլիս է հրավիրվել՝ նվիրված աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտին, որի կազմակերպման նպատակով Հնդկաստանը պատրաստ է հատկացնել 4 միլիոն եվրո:
Մեկ տարի առաջ էլ Համահնդկական շախմատի ֆեդերացիան պատրաստ էր հյուրընկալել Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտը, սակայն այն տրվեց Մոսկվային: Սակայն ՖԻԴԵ-ն խոստացել է, որ Չաննայը կդառնա 2013 թվականի մրցամարտի անցկացման առաջին թեկնածուն: Դրա համար էլ Հնդկաստանում կարծում են, որ այս տարի այդ իրավունքն իրենց է պատկանում: Այդուհանդերձ, «Chessvibes.com»-ը գրում է, որ հետաքրքիր է հետեւել, թե ՖԻԴԵ-ն կկողմնորոշվի՞ դեպի Չաննայ, թե՞ կգերադասի ավելի մեծ մրցանակային ֆոնդը Նորվեգիայում կամ այլ վայրում:
Բայց ինչ էլ լինի, համոզմունք կա, որ մրցամարտի անցկացման ժամկետը՝ 2013 թվականի նոյեմբերի 6-26-ը, կպահպանվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ