Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը սպառնո՞ւմ է Րաֆֆի Հովհաննիսյանին

Ապրիլ 09,2013 11:27

Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ր. Հովհաննիսյանի կողմից այսօր անցկացվելիք հանրային հավաքի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, որի կենսագործման պայմաններում հավաքների խաղաղ բնույթը` կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ: Նման պարագայում ՀՀ ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը: Այսպես, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն»:

Aravot.am-ը իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց` արդյոք այսպիսով ոստիկանությունը սպառնո՞ւմ է Ր. Հովհաննիսյանին` ինչ-որ առումով հիշեցնելով այն, ինչ տեղի ունցավ 2008-ի նախագահական ընտրություններից հետո:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանության հայտարարությունը համարժեք չէ այն գործողություններին, որ կատարում է Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ: Հետո էլ մանրամասնեց. «Հայտարարությունների փակցման պրոցեսի ընթացքում ոստիկանության աշխատակիցների ուղեկցումը, որոշ դեպքերում այդ պաստառների և հայտարարությունների թերթիկների պոկելը հենց ոստիկանության կողմից անհամաչափ ուժի ցուցադրում է: Դա վախեցնելու, սպառնալու բովանդակություն ունի: Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանի կողմից կազմակերպվելիք ինագուրացիային, դա հասարակական քաղաքական ակցիա է, ունի քաղաքական նպատակ և իր էությամբ ոչ բռնի է: Ամեն մեկը նման միջոցառում կարող է անցկացնել, այն լիովին տեղավորվում է հավաքների օրինական տրամաբանության մեջ: Սրանք կարող են հակաօրինական համարվել, եթե բռնության, ատելության, պատերազմի, թշնամանքի կոչեր լինեն: Ոսւտի ոստիկանությունը նախօրոք տալիս է գնահատական այն գործողություններին, որի մասին դեռ ինքը չգիտի, թե ինչ է լինելու: Ոստիկանության հայտարարությունը գնահատում եմ` որպես սպառնալիք, ոչ օրինաչափ և իր լիազորությունների գերազանցում»:

Շարունակելով միտքը` Ա. Սաքունցը նկատեց. «Այն, ինչ կատարում է Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոսհների հետ միասին, տեղավորվում է հավաքների ազատության լիարժեք իրավունքի իրականացման տրամաբանության մեջ: Իսկ ոստիկանության գործողությունները խոսում են այն մասին, որ իրենք քաղաքական բովանդակությունն ավելի են կարևորում և ըստ դրա են մոտենում այդ գործողություններին: Ոստիկանությունը ցույց է տալիս քաղաքական նպատակահարմարություններ և մոտեցումներ, որը նրա գործը չէ»:

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ տարածված հայտարարության վերաբերյալ փոխանցեց հետևյալը. «Ոստիկանությունն ունի մեկ գործառույթ. ապահովել խաղաղ միջոցառումների անվտանգությունը: Իսկ մինչև այսօր միջոցառումները խաղաղ են եղել, ուստի ոստիկանությունն իր գործառույթները պետք է իրականացնի և ապահովի միջոցառման անվտանգությունը: Եթե չկան բռնության կոչեր, ապա ոստիկանության կողմից սպառնալիքի կարիքն էլ չկա: Ես գոնե այդ միտումը չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930