Հատված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:
– Ի՞նչ զգացողություններ եք ունենալու որպես իշխանության ներկայացուցիչ, երբ աշխարհը կտեսնի, որ մեր երկրում երկու «նախագահ» են երդում տալիս, սա արդյո՞ք իր հերթին խայտառակ փաստ չէ եւ չի հարվածում մեր երկրի վարկանիշին։
– Երկրում երկու արարողություն եւ առավել եւս նախագահ չի կարող լինել։ Ըստ Սահմանադրության, մեկ արարողություն է տեղի ունենում, մյուսը կարելի է տուն-տունիկի տեսքով ինչ-որ գաղափարներ հորինել, կարող է մեկն էլ վաղը սահմանամերձ շրջանում, ենթադրենք, բացի գիտության-կրթության նախարարություն, մյուսը՝ մշակույթի նախարարություն։ Դա ցնորամիտ երազների, ամբիցիաների հետեւանքի դատողություն է։ Այսինքն՝ չի կարելի որակել, որ երկրում երկու միջոցառում է լինելու։ Սահմանադրական միջոցառումն այսօր է, իսկ մնացած միջոցառումները, կարելի է ասել, ընդդիմությունն իր գործն է ծավալում, իր օրենքի շրջանակներում։
– Լավ, որպես իշխանության ներկայացուցիչ, չե՞ք մտահոգվում, որ վաղն Ազատության հրապարակում կարող է հավաքվեն հազարավոր հայ քաղաքացիներ եւ անհնազանդություն դրսեւորեն։
Կարդացեք նաև
– Ինձ մտահոգում են հավաքվածները, բայց ինձ չի հետաքրքրում ընդդիմության կեցվածքը, որովհետեւ դրա բանաձեւը վաղուց ի վեր եւ
հասարակությունը, եւ ընդդիմությունը, եւ ընդհանրապես միջազգային
հանրությունը տվել է։ Իսկ մարդիկ, որոնք հավաքվելու են իրենց վիճակից ելնելով, դա, իհարկե, դառնացնում է ինձ եւ պարտավորեցնում է, որպեսզի իշխանություններն ավելի զգոն լինեն եւ ավելի տիրապետելի դարձնեն հասարակությանը։
– Ի դեպ, երեկ վաղ առավոտից լուրեր են տարածվում, թե բանակը մարտունակ տեսքի է բերվում, ի՞նչ եք պատրաստվում անել բանակի
միջոցով։
– Ցանկացած երկրում, երբ պետության ամենակարեւորագույն իրադարձությունն է տեղի ունենում, բանակի մարտունակությունը բարձրացվում է սահմանները պաշտպանելու համար եւ ոչ թե ընդդիմադիրների ցանկության հետեւանքով հեռանկարային ինչ-որ բան են տեսնում, եւ պիտի լիազորությունները գերազանցի ու պիտի մտածի էդ ուղղությամբ։ Մեր բանակը միշտ զգոն է, բայց դա չի կարող վերաբերել քաղաքացիական հասարակության մեջ գործունեություն ծավալող որեւէ իրադարձության։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»