Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը կմեկնարկի քիչ անց՝ Մարզահամերգային համալիրում, մասնակցում են նաեւ խորհրդարանի ԲՀԿ-ական խմբակցության որոշ պատգամավորներ՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Միքայել Մելքումյանը, մասիսցի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, հրազդանցի պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Վերջիններս որեւէ մեկնաբանություն չտվեցին, խուսափելով լրագրողների հետ շփումներից: Այստեղ է նաեւ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա եւս առանձնապես ոգեւորությամբ չի արձագանքում լրագրողների հետ շփվելուն:
Այստեղ է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը այն խոսակցությունները, որ ինքը հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական շրջանակներում: «Ոչ»,- ասաց պարոն Կարապետյանը: Հաջորդ հարցին՝ որ իր անունը կապում են կառավարության ապագա ղեկավար պաշտոնի հետ, պարոն Կարապետյանը նույնպես կտրուկ պատասխանեց՝ ոչ: Շնորհակալություն հայտնելով նա հեռացավ՝ անպատասխան թողնելով իրեն ուղղված այլ հարցեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ